Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայկական ՏՏ արտադրանքը Հայաստանը մրցունակ է դարձնում համաշխարհային շուկայում. վարչապետ

Հայկական ՏՏ արտադրանքը Հայաստանը մրցունակ է դարձնում համաշխարհային շուկայում. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումը կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր ներդրումային ու գործարար հնարավորությունների հայտնագործման, համագործակցության խթանման ու փորձի փոխանակման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հիշեցրեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և վերջին տարիներին ոլորտի տարեկան միջինը աճը կազմել է 20-25 տոկոս: Նրա խոսքով` այս ոլորտի մասնագետները տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք, և Հայաստանը մրցունակ դարձնում համաշխարհային շուկայում: «ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ՏՏ էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց վարչապետը:

Խոսելով 2015 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի մասին, որով ոլորտի նորաստեղծ ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ` Հովիկ Աբրահամյանն ուրախությամբ փաստեց, որ մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել է 111 ընկերություն, որոնցից 88-ը ստացել են հարկային արտոնությունների հավաստագրեր` ստեղծելով ավելի քան 470 աշխատատեղ: «Կարևրում ենք, որ այս ոլորտում գործող հայկական ընկերությունները նախկին արտապատկերումով զբաղվողից վերածվել են հետազոտություններ ու մաշկումներ իրականացնող և բարձր ինժեներական բարդ լուծումներ արտադրող կազմակերպությունների, որոնց թողարկած մրցունակ արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում»,-հավելեց ՀՀ գործադիրի ղեկավարը:

Նա շեշտեց, որ կառավարությունը ամեն պահ հետամուտ է լինելու ոլորտի զարգացմանը, ինչը կտանի ՀՀ-ի ու Արցախի բարգավաճմանը:

 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կարևորեց տարեցտարի ՏՏ ոլորտի կայուն տնտեսական աճը` հույս հայտնելով, որ ոլորտի լուծումները կկիրառվեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի` որպես արտահանող երկրի ուրույն տեղը կվաստակեն համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: «Այլ ոլորտների համար շատ լուծումներ ունենք, պետք է գնալով մեր լուծումները շատանան, և դա նպաստի այլ ոլորտների զարգացմանը: «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը մեր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ցույց տալ ու քննարկել այդ լուծումները այլ ոլորտների ներկայացուցիչների հետ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

 Իններորդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի  օրակարագում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են: Այն անցկացվում է հունիսի 17-18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am