Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Էրդողանը «սպառնում է» Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնել

Էրդողանը «սպառնում է» Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությանն իր երկրի անդամակցության բանակցությունները փակուղի մտնեն, ապա իրենք հանրաքվեի կդնեն եւ ժողովրդից կհարցնեն ինչպես վարվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն էլ Էրդողանի ոգով հայտարարել է, որ անգամ եթե Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, միեւնույն է, իրենք այդ հարցը կորոշեն հանրաքվեի միջոցով:

«ԵՄ բանակցություններն ավարտվելուց հետո, բնական է, որ մենք պետք է հարցնենք մեր ազգին` ցանկանում են միանալ ԵՄ-ին, թե ոչ: Դա ուժի մեջ է նաեւ բանակցությունները փակուղու մեջ մտնելու դեպքում: Եթե այժմ բանակցություններն արգելակվեն, ապա ինչպես մեր նախագահն է ասել, պետք է մեր ժողովրդին հարցնենք` ինչպես վարվել», -ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ղեկավարները վրդովված են այն բանով, որ Բրյուսելը համառում է ինչպես ԵՄ անդամակցության, այնպես էլ ԵՄ հետ վիզային ռեժիմը վերացնելու համար պահանջվող 72 պայմանները Թուրքիայի կողմից անվերապահորեն կյանքի կոչելու հարցում:

Բրիտանական The Guardian թերթն իր` «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում նշում է, որ միանգամայն հիմնավորված է անդամակցության դեպքում 79 մլն թուրքերի միանգամից Եվրոպա մուտք գործելու իրավունքի հետ կապված եվրոպացիների վախերը, քանի որ դեռեւս 1963 թվականին ԵՄ կողմից Թուրքիային տրված անդամակցության հեռանկարի իրականացման հարցում Անկարան ոչ մի ազդանշան չի տվել եւ շարունակում է չտալ: 

The Financial Times թերթն իր խմբագրական հոդվածում գրել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը համադրելի է Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու հավանականության հետ:

«Թուրքիան այնքան շանսեր ունի ԵՄ մտնելու մինչեւ 2020 թվականը, ինչքան եթե Ստամբուլը վերանվանվի Կոստանդնուպոլիս», -գրել է բրիտանական թերթը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկրների հանրակցությանը միանալու մասին բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա մինչեւ 3000 թվականը:

«Անգամ մոտ ապագայի ծրագրերում հնարավորություն չկա, որպեսզի Թուրքիան մոտ ժամանակում դառնա ԵՄ անդամ», -ասել է նա ITV հեռուստաալիքի եթերում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հոռետեսորեն է արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքի առնչությամբ, հայտարարելով, որ Լոնդոնը նման քայլը չի պաշտպանի, եթե դրան համաձայնվի Բրյուսելը:

The Guardian թերթն էլ իր` «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում գրել է, որ «պարզ ասած` Եվրոպայում ոչ մեկն էլ պատրաստ չէ այժմ կամ էլ տեսանելի ապագայում Թուրքիային ներառել Եվրամիության կազմ»:

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ամբողջությամբ դադարել է, եւ այդ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ ու իսլամ: Երազանք կմնա նաեւ թուրքերի` ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը, որովհետեւ Թուրքիան ցանկություն չունի կատարելու դրա համար Բրյուսելի առաջադրած 72 պայմանները, այդ թվում` Էրդողանի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կիրառվող ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունը», -գրել է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am