Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շարմազանովը Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը համարում է ՀՀԿ-ն

Շարմազանովը Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը համարում է ՀՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Reuters գործակալությանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նախագահը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իսկ եթե չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: «Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարը պետք է ունենա իր կարծիքը: Պարոն նախագահն արտահայտել է իր կարծիքը, և այն օբյեկտիվ է, տրամաբանական ու ընդունելի: Այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է: Կուսակցության վարկանիշը բարձր բղավելով չէ, առաջիկայում Գյումրիում և Վանաձորում ընտրություններ են, տեսնենք, թե քանի ձայն կհավաքեն այն քաղաքական ուժերը, որոնք բարձր խոսում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է ձևավորվում, Շարմազանովը նշեց, որ միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է: «Մենք բաց ենք մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղելի է, բոլորը իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին: Մենք բոլորին հրավիրում ենք բաց, ազատ, թափանցիկ մրցակցության: Այդքան բարձր բացականչելու փոխարեն լավ կլինի մասնակցել ընտրություններին: Մենք այդ իմաստով բաց ենք, մեր հանրությունը կորոշի»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ ո՞ր պաշտոնում է հետագայում տեսնում Սերժ Սարգսյանին, Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018թ. իր ամբողջ լիազորություններով շարունակելու է պաշտոնավարել, դրա համար հիմա կոռեկտ չէ խոսել նման բաների մասին:  Օրը կգա բարին հետը, դանդաղ շտապեք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀԿ-ն անհա՞ղթ է, ԱԺ փոխնախագահն ասաց. «Անհաղթ է միայն Աստված և հայ ժողովուրդը»:

Անդրադառնալով հարցին՝ որտեղի՞ց է այդքան վստահությունը, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա ընտրություններում, Շարմազանովն ասաց, որ կան կուսակցություններ, որոնք ոտքից գլուխ 7 հոգի են, 9.5 ձայն ունեն, սակայն այնպես են խոսում, որ թվում է` եթե առաջիկայում ընտրություններ լինեն, նրանք 80 տոկոս ձայն կհավաքեն: «Վստահությունը այսօրվա իրավիճակից է: Վաղը Գյումրիում և Վանաձորում ընտրություններ կլինեն, կտեսնեք»,-եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am