Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պապի այցը կարող է խթանել կրոնական զբոսաշրջության, ուխտագնացության աճը Հայաստան

Պապի այցը կարող է խթանել կրոնական զբոսաշրջության, ուխտագնացության աճը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապի այցը խոստանում է դրականորեն ազդել ոչ միայն դեպի մեր երկիր ընդհանուր զբոսաշրջային հոսքերի ավելացման, այլև Հայաստանի` որպես ուխտագնացության, կրոնական տուրիզմի երկրի ընտրության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Բացի այդ` այցը ևս մեկ առիթ էր խոսելու Հայաստանի ժողովրդի, դարավոր մշակույթի մասին` բարձրացնելով միջազգային հանրության իրազեկվածությունը: «Այցը, որ Պապն ինքը որակում էր որպես ուխտագնացություն, մեծ նշանակություն ունի և ունենալու է ոչ միայն զբոսաշրջության, այլև համաշխարհային հանրության շրջանում Հայաստանի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման վրա: Առաջին քրիստոնյա երկիր, որը հայտնի է իր ավանդույթով, մշակույթով, հրաշալի, խաղաղ, բարի, կենսագործ, հյուրընկալ ժողովրդով»,-ասաց Ապրեսյանը: Նա նշեց, որ եթե մարդիկ հետաքրքրված են կրոնական զբոսաշրջությամբ, մշակութային երկխոսությամբ կարող են այցելել ու տեսնել առաջին քրիստոնյա երկիրն այնպես, ինչպես մենք կնախընտրենք տեսնել բուդդայական կամ մուսուլմանական երկիր: «Բնականաբար, առաջին հերթին քրիստոնյաները հետաքրքրված կլինեն, բայց այլ կրոնների ներկայացուցիչները ևս կարող են հետաքրքրվել ու գալ»,-նշեց նա:

Պաշտոնյայի խոսքով` Պապի այցով պայմանավորված` Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր կլինի վերլուծել եռամսյակի պաշտոնական վիճակագրության հրապարակումից հետո: Մինչ այդ կարելի է խոսել հոդվածների, տեսանյութերի մասին, որոնք հրապարակվում են միջազգային լրատվամիջոցներում: «Հրապարակումների գործընթացը շարունակվում է ու քննարկվում են հեղինակավոր ու հայտնի հեռուսատաալիքներով որոշակի տեսանյութերի ցուցադրման հարցերը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա գնահատմամբ` միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ անդրադարձերը որոշիչ խթան են դառնում Հայաստանն ընտրելու ու այստեղ որպես զբոսաշրջիկ հյուրընկալվելու տեսանկյունից: «Այդ հրապարակումները որոշում ընդունելու տարբեր փուլերում իրենց ազդեցությունն են ունենում. նախ իրազեկվածությունն է բարձրանում, իմացողը մի անգամ էլ լսում և տեղեկանում է, նոր ազդակ է լինում, որ որոշում կայացնելիս համոզվի իր ընտրության մեջ»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը:

Հունիսի 24-26-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը եղավ Հայաստանում` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Երեք օրերը հագեցած էին պատարագներով, աղոթքներով, խաղաղության կոչով ու հավատացյալների հետ շփումներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am