Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրեցի երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ծրագրերին աստիճանաբար աճում է

Գյումրեցի երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ծրագրերին աստիճանաբար 
աճում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ քաղաքի և մշակութային մայրաքաղաքի երիտասարդների համար ստեղծված են ինքնաիրացման և զբաղվածության հնարավորություններ, պարզապես պետք է ներքին մոտիվացիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Գյումրու երիտասարդական պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակարյանը: «Կարող եմ ասել, որ վերջին ամիսների ընթացքում երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ծրագրերին կրկնակի աճել է, եւ այստեղ կարեւոր է  իրազեկվածության գործոնը, նրանց հետ ճիշտ աշխատելու սկզբունքը:  Մենք իրազեկում ենք երիտասարդներին, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե նման հնարավորությունների միջավայրում հենց երիտասարդը ինչքանով ճիշտ եւ նպատակային որոշում կկայացնի»,- նշեց Լիլիթ Մակարյանը:

Գյումրու նորաստեղծ երիտասարդական պալատը գործում է ընդամենը մի քանի ամիս եւ, Լիլիթ Մակարյանի խոսքով, հասցրել է որպես 2016 թվականի երիտասարդական քաղաքում գործող կառույց իրականացնել տարբեր ծրագրեր:

«Առաջին ծրագիրը հայտնի երաժիշտ, ջազմեն Արմեն Ահարոնյանի համերգն էր, որը շատ բուռն արձագանք գտավ: Եվրոպական երիտասարդական պառլամենտի երկրորդ միջմարզային ֆորումն անցկացվեց մեզ մոտ: Երիտասարդները պարբերաբար իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել այս ծրագրերին, եւ չեմ հիշում այնպիսի մի ծրագիր, որում ներգրավված չլիներ առնվազն 50-70 երիտասարդ: Մասնակցում էին թե՛ որպես անհատ, թե՛ խմբերով, եւ թե՛ ՀԿ-ներով:  Ունեցել ենք նաեւ միջազգային դասընթաց, որը համախմբել էր 8 երկրներից գրեթե 30 մասնակիցների»,-ասաց նա: 

Լավագույն նախաձեռնություններից Լիլիթ Մակարյանը, թերևս, առանձնացրեց «Պերսոնա» նախագիծը, որն իրենից ներկայացնում է ավագ եւ երիտասարդ սերնդի երկխոսություն:

«Ավագ սերնդի տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց հրավիրում ենք երկխոսության երիտասարդների հետ՝ ցանկանալով շեշտադրել  տեխնոլոգիաներով հագեցած այս դարում կենդանի երկխոսության կարեւորությունը: Ամեն հանդիպումից հետո հարցում ենք անցկացնում, թե հաջորդ հանդիպմանը երիտասարդներն ում կցանկանան տեսնել»,-նշեց Լիլիթ Մակարյանը:

Իսկ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանի խոսքով՝ Գյումրու երիտասարդությունն, այնուամենայնիվ պետք է գործի էլ ավելի ակտիվ իր ներուժին համապատասխան:

«Միանշանակ կարող եմ ասել, որ նախորդ տարիների համեմատ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ներգրավվում ծրագրերին: Հրաշալի տոնել ենք Բարեկենդանը,  Տյանընդառաջը, Գյումրու ձմեռը, Զատիկը: Երիտասարդները շքեղ նախաձեռնություններ են ունեցել: Բոլոր ծրագրերը հիմնականում նվիրված են երիտասարդական մայրաքաղաքին եւ ՀՀ անկախության 25-ամյակին: Շուտով անցկացվելու է «Պարենք միասին» նախագիծը, որի շրջանակում բոլորս միասին շուրջպար ենք պարելու: Լավագույն ծրագրերից ես կառանձնացնեմ ապրիլյան պատերազմին հերոսաբար ընկած գյումրեցի 7 զինվորների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումը, որի ընթացքում ցանկանում էինք ցույց տալ, որ մեր հերոս զինվորները կան, նրանք չեն զոհվել»,-եզրափակեց Արտուշ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am