ՀԱՊԿ-ի երկրների խաղաղապահ զորակազմերը համատեղ վարժանքներ են սկսում Բելառուսում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունում:
«Վարժանքների հիմնական նպատակներն են՝ փոխըմբռնման ամրապնդումն ու համագործակցությունը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ, բոլոր աստիճանների հրամանատարների ու շտաբների գործնական կարողությունների եւ հմտությունների կատարելագործումը խաղաղապահ գործողությանը պատրաստվելու եւ խաղաղապահ առաջադրանքները կատարելիս զորամասերն ու ստորաբաժանումները կառավարելու աշխատանքում»,-նշել են պաշտպանական գերատեսչությունում:
Ինչպես տեղեկացրել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, «ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերն առաջին անգամ կստանան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը եւ ճգնաժամային տարածաշրջանում կգործեն ՄԱԿ-ի առաքելության հետ փոխգործակցությամբ»: Վարժանքներին հրավիրված են ՄԱԿ-ի քարտուղարության եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:
«Անխախտ բարեկամություն-2016» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 23-ից մինչեւ 27-ը Բրեստի մարզի «Օբուզ-Լեսնովսկի» զինափորձարանում: Բացի ռուս եւ բելառուս զինվորականներից, վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում