Երևանում բացվեց ՀՀ անկախության հռչակման 26-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ժամանակագրական ցուցահանդեսի բացումը: «Այս խորհրդանշական օրը մենք սկսում ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մենք բախտավոր սերունդ ենք, քանի որ մեր պապերի երազած ՀՀ պետականության ականատեսն ենք, մասնակիցը և դրա զարգացմանն ուղղված քայլերի ձեռարկողը: Ցուցադրված նկարներում մեր պետության անկումներն ու հաղթանակներն են: Կեցցե՛ն վավերագրողները, որ լուսանկարների տեսքով մեզ են փոխանցել մի ամբողջ պատմություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էր 1990-2016թթ. կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնող 135 լուսանկար:
«Անկախության խորհրդանիշ դարձած այս շենքում 135 ակնթարթներ են ներկայացված: Լուսանկարների մեծ մասը «Արմենպրես»-ի լուսանկարիչների աշխատանքներն են: Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագծի մի մասն ենք կազմում: Մենք տեսել ենք, թե ինչ սիրով, գորովանքով և նվիրվածությամբ են նրանք աշխատել, որպեսզի ցուցահանդեսը դառնա իրականություն: Հուսամ՝ 25 տարի անց, ավելի հարուստ ցուցահանդես կունենանք»,-ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Ցուցահանդեսին ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարբեր քաղաքական գործիչներ, լուսանկարիչներ, արվեստագետներ և այլք:
«Լուսանկարները բարձր պրոֆեսիոնալիզմով են արված: Դրանք խոսուն են, բովանդակալից: Դիտելիս հասկանում ես, որ հաճախ լուսանկարիչը իրեն վտանգի է ենթարկել ակնթարթն անմահացնելու համար: Համարձակություն կա դրանում: Ցանկալի է, որ հազարավոր հայեր գան և դիտեն մեր պատմությունը: Ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ մեծ պատիվ և երջանկություն է ազատ և անկախ երկրում ապրելը: Մենք ծանր գնով ենք ձեռք բերել մեր անկախությունը և պետք է ամեն կերպ պահել այն»,-ընդգծեց սցենարիստ, գրող Քրիստ Մանարյանը:
Ցուցահանդեսը սեպտեմբեր ամսին կներկայացվի Նյու Յորքում, Լոս Անջելեսում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում, այնուհետև՝ Մոսկվայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում