Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական տանկերը մտել են Սիրիա

Թուրքական տանկերը մտել են Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մարտիկներից ազատելու պատրվակով մտել են Սիրիայի տարածք: Ռազմական գործողությունն իրագործվում է «Եփրատի վահան» անվան տակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, Սիրիայի տարածք են ներխուժել նաեւ թուրքական տանկեր:

Թուրքիան Սիրիա ներխուժելու քայլը բացատրել է երկիրը ԻՊ-ի եւ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) մարտիկներից ազատագրելու ցանկությամբ: Գործողությունը «Եփրատի վահան» է անվանվել սիրիացի քրդերի` Եփրատի ձախ ափից աջ ափ անցումը կանխելու համար:

«Սիրիական Ջարաբլուսում թուրքական բանակի գործողությունն ուղղված է ԻՊ-ի եւ PYD-ի դեմ: Թուրքիան իր սահմաններին սպառնում թույլ չի տա: Թուրքիան կվերացնի երկրի առջեւ կանգնած բոլոր սպառնալիքները», -հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի տարածք:

ANHA լրատվական գործակալությունը օգոստոսի 23-ին հաղորդել է, որ Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու պատրվակով Թուրքիան իր տարածքից «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծել է սիրիացի քրդերի Մինբիչի ռազմական խորհրդի ուժերի` քաղաքի հյուսիսում ԻՊ-ից ազատագրած տարածքները: Վաշինգտոնը քննադատել է թուրքական զինուժի այդ գործողությունը:

Թուրքիան երկյուղում է, որ սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում կարող են ինքնավարություն ստեղծել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական որեւէ պետական կազմավորման ստեղծում:

Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերին մնում է վերահսկել Թուրքիայի հետ Սիրիայի միջեւ 900 կմ-ի հասնող սահմանի 100 կմ մասը եւս, որն ընկած է Եփրատի աջ ափին, որից հետո Թուրքիան ամբողջությամբ կկտրվի Սիրիայից: Բացի այդ Անկարան զգուշանում է, որ Սիրիայում եւ Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո հերթը կհասնի նաեւ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան մասում քրդական ինքնավարության ստեղծմանը, ինչի համար Թուրքիայի 20 մլն-ի հասնող քրդական բնակչությունը պայքարում է 1980-ականներից սկսած:

Թուրքիայի այդ ռազմական գործողությունների վերաբերյալ PYD-ի առաջնորդ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ «իր այդ քայլով Թուրքիան շատ բան կկորցնի սիրիական ճահճում»:

«Թուրքիան Սիրիայի ճահճում է: ԻՊ-ի պես նա եւս կպարտվի եւ կջախջախվի», -Twitter-ի իր էջում գրառել է PYD-ի առաջնորդը:

Մոսկվայում PYD-ի ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ չնայած Թուրքիայի պահանջին, քրդերը չեն լքի Եփրատի աջ ափը:

«Դրանք  քրդական շրջաններ են, որոնք քրդերի կողմից ազատագրվել են ահաբեկիչների հետ արյունալի մարտերում: Ինչո՞ւ մենք պետք է դուրս գանք այնտեղից Թուրքիայի պահանջով: Թուրքիան ապօրինաբար ներխուժել է Սիրիայի հյուսիս եւ այժմ թելադրում է իր պայմանները», -հայտարարել է նա:

Ընդ որում, PYD-ի ներկայացուցիչը չի բացառել, որ կարող են բախումներ լինել թուրքական բանակի եւ քրդերի միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am