Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը եւ Իսրայելը սկսելու են համագործակցել գիտության, մշակույթի, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում

Հայաստանը եւ Իսրայելը սկսելու են համագործակցել գիտության, մշակույթի, 
առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ Իսրայելը ընդլայնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի նախաձեռնությամբ մեկնարկեց հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքը:

Նախորդ տարի ձեւավորված գաղափարն այսօր ծառայելու է որպես հարթակ երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահության, զբոսաշրջության եւ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար:

Իսրայելի կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովն ընդգծեց, որ երկու պետություններն ունեն շատ ընդհանրություններ, եւ պետք է աշխատել փոխադարձ կապերի ամրապնդման ուղղությամբ:

«Իսրայելում կա այն, ինչ չկա Հայաստանում, եւ հակառակը` Հայաստանում կա այն, ինչ չկա Իսրայելում: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ուրախ կլինեն համագործակցության ընդլայնման կապակցությամբ»,- նշեց Թալի Պլոսկովը:

Ֆորումն իր աշխատանքը պարբերաբար իրականացնելու է եւ՛ Հայաստանում, եւ՛ Իսրայելում: Այն ներգրավելու է երկու երկրներում շահագրգիռ անձանց՝ մշակելու եւ իրականացնելու համատեղ ծրագրեր, բիզնես ներդրումներ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ եւ այլն:

Ֆորումի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը ներկայացրեցին համագործակցության տարբեր ոլորտներում իրականացվելիք աշխատանքների համակարգող-պատասխանատուներին: Հայկական կողմից ֆորումի համանախագահն է Ազգային ռազմավարական հետազոտությունների  ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, իսկ Իսրայելի կողմից՝ Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական  բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ երկու երկրները միմյանց փոխանցելու շատ բան ունեն:

«Կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք ակտիվ ռեժիմով»,-ասաց նա:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաեւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր՝ այդ թվում Հայաստանում հրեական համայնքի, ինչպես նաեւ Իսրայելում հայկական համայնքի ներգրավման, երկրների դիվանագիտական հարաբերություններն այլ մակարդակի բարձրացնելու՝ դեսպանատներ ունենալու վերաբերյալ:

Այդ հարցի առնչությամբ Թալի Պլոսկովը, մասնավորապես, նշեց, որ դա կախված է միմյանց հետ արդյունավետ աշխատանքից:

«Մենք պետք է ապացուցենք երկու երկրների ղեկավարներին, որ դա շատ կարեւոր է կողմերի համար»,-ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am