Պակիստանում կործանվել է Pakistan International Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pakistan International Airlines ավիաընկերության մարդատար տուրբինապտուտակավոր ինքնաթիռը, որը չվերթ Էր իրականացնում Չիթրալ-Իսլամաբադ երթուղով, կործանվել Է Պակիստանի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Geo.tv հեռուստաալիքը՝ հղում անելով Իսլամաբադի Բենազիր Բհուտոյի անվան միջազգային օդանավակայանի վարչակազմին:
Օդանավում եղել են 47 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
«Չիթրալից թռիչքից մեկուկես ժամ անց օդանավի հրամանատարը SOS ազդանշան Է տվել, եւ դրանից անմիջապես հետո նրա հետ կապն ընդհատվել Է»,-լրագրողներին հայտնել Է օդանավակայանի դիսպետչերական ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ աղետի ազդանշանի ստացման պահին օդանավը թռչում Էր Խավելիան բնակավայրի (Հայբեր Փահթունհվա նահանգի Աբոտաբադի շրջան) վրայով: Նաեւ հայտնի Է դարձել, որ արդեն կան ականատեսներ, որոնք հրդեհ են տեսել ինքնաթիռի անկման ենթադրյալ վայրում:
Պակիստանյան բանակի հրամանատարությունը կարգադրել Է փրկարարներ ուղարկել ավիաաղետի ենթադրյալ շրջան: Տեղի ունեցածի կապակցությամբ Իսլամաբադի օդանավակայանում սկսել Է թեժ գիծ աշխատել պատահարի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, հաղորդել ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում