Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Թբիլիսիի հայկական թատրոնում վերջին հրաժեշտը կտան բանաստեղծ Անահիտ Բոստանջյանին

Թբիլիսիի հայկական թատրոնում վերջին հրաժեշտը կտան բանաստեղծ Անահիտ 
Բոստանջյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 68-րդ տարում Թբիլիսիում մահացած արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը 14.00-ին Թբլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի շենքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գրողների միությունից:

Անահիտ Բոստանջյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 10-ին, Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի Հովհ. Թումանյանի անվան թիվ 34 դպրոցում։ 1972-ին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1972-1975 թթ. դասավանդել է Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում։ 1975 թ. վերադարձել է Թբիլիսի և աշխատել Վրաստանի գրողների միության «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ։ Միաժամանակ դասավանդել է Թբիլիսիի Ալ. Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, զբաղվել լրագրողական և թարգմանական գործունեությամբ։

Ա. Բոստանջյանը 1988 թվականից Վրաստանի գրողների միության «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր, 2007-ից՝ «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ-ի նախագահը, 2003-ից՝ ՀՀ-ում Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը։ Նաև՝ Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ։ «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահ։ 1994-ից աշխատում էր հանրապետական «Վրաստան» թերթում՝ որպես ծառայության ղեկավար։

Ա. Բոստանջյանը հեղինակ է տարբեր ժանրերի շուրջ չորս տասնյակ գրքերի։ Հատկապես բեղմնավոր էր նրա թարգմանչական գործունեությունը։ Թարգմանել է ավելի քան 90 վրացի հեղինակների, այդ թվում՝ Վաժա Փշավելայի, Գրիգոլ Աբաշիձեի, Նոդար Դումբաձեի, Թամազ Ճիլաձեի, դասական ու ժամանակակից այլ նշանավոր գրողների գործերը։ Հայերենից վրացերեն է թարգմանել Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Սոնա Վանի և այլ հեղինակների ստեղծագործությունները՝ իր ծանրակշիռ ավանդը ներդնելով հայ-վրացական բարեկամության, գրական-մշակութային կապերի զարգացման գործում։ Նրա երկերը թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և այլ լեզուներով։

Անահիտ Բոստանջյանի բազմակողմանի ու բեղմնավոր գրական վաստակը բարձր է գնահատվել ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ 2000 թ. նա արժանացել է Վրաստանի Պատվո շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի (2008), ՀՀ Մովսես Խորենացի մեդալի (2011) ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի (2014), Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալի (2014), ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի (2006)։ Արժանացել է Վաժա Փշավելայի (2007), Նիկո Նիկոլաձեի (2014), Աննա Կալանդաձեի (2015), «Նարցիս» հանդեսի (2012) գրական մրցանակներին, Մայր Աթոռ ս. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։ 2010 թվականին նա արժանացել է նաև Վրացական մշակույթի դեսպանի բարձր կոչմանը։

Ճանաչված ու սիրված գրողի, թարգմանչի, հրատարակչի, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության անխոնջ մշակի ու ջատագովի հիշատակը միշտ վառ կմնա ընթերցողների, գործընկերների, նրան ճանաչողների, մտերիմների սրտերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am