Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության կարևորագույն տարրերից է համարում Ռուսաստանի հետ ձևավորած ռազմական դաշինքը

Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության կարևորագույն տարրերից է համարում  
Ռուսաստանի հետ ձևավորած ռազմական դաշինքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման և միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում։ Դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։ Փետրվարի 20-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաև արտգործնախարարներին և պաշտպանության նախարարներին, նրանցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին: Շնորհակալ եմ հայ զինվորականներին՝ առաջին հերթին նրանց, ովքեր պատրաստում են այդ զորախմբերը և, իհարկե, նրանց, ովքեր անդամ են այդ զորախմբերի՝ Հայաստանի անունը և պատիվն այդքան բարձր պահելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորած ռազմական դաշինքը: Այն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ, քանի որ հայ և ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում: «Այնուամենայնիվ, որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա: Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Միաժամանակ Հայաստանը շարունակելու է աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Նախագահ Սարգսյանի գնահատմամբ`  այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am