Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիահայ դերասան Հակոբ Գյուլվարդյանը հաստատվել է հայրենիքում

Սիրիահայ դերասան Հակոբ Գյուլվարդյանը հաստատվել է հայրենիքում

ԵՐԵՎԱՆ,  23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Հակոբ. այսպես են հարազատները և ընկերները կոչում Սիրիայում թատրոնի և կինոյի ոլորտում գործունեություն ծավալած դերասան Հակոբ Գյուլվարդյանին, որն արդեն երկու տարի բնակվում է Երևանում: «Արմենպրես»-ի թղթակցին Հակոբ Հակոբը պատմեց իր կյանքի և գործունեության մասին:

-Ծնվել եմ Սիրիայում և միշտ տարված եմ եղել թատրոնով, սակայն ինձ հնարավորություն է ընձեռվել նաև նկարահանվել արաբական մի քանի սերիալներում,- պատմում է Հակոբ Հակոբը:- Կյանքիս քառասունհինգ տարին նվիրել եմ թատրոնին, խաղացել եմ տարբեր դերեր, բեմադրել ներկայացումներ: Թատերական աշխարհի հետ կապ ունի նաև ավագ որդիս` Արմենը, ով Հալեպում բեմադրված իմ ներկայացումներում իր մասնակցությունն է ունեցել: Նա արդեն տասներկու տարի Հայաստանում է ապրում և աշխատում է նորաձևության ոլորտում, նկարահանվում տեսահոլովակներում:

Հալեպում թատրոնն այնքան զարգացած չէր, ինչպես Հայաստանում: Սակայն, կարծում եմ, մեր ունեցած հնարավորություններով մենք կարողացել ենք գեղեցիկը մատուցել հալեպահայերին: Հայտնի հայ բեմադրիչները տասը տարում կամաց-կամաց հեռացան երկրից, և, թատրոնը պահպանելու նպատակով, ես ինձ վրա վերցրեցի բեմադրություններ անելու ծանր, բայց հաճելի պարտականությունը:

 Հալեպի «Նոր սերունդ» մշակութային միությունը, հաշվի առնելով թատերական բնագավառում ունեցած փորձս, ընդառաջեց և աջակցեց ինձ այդ գործում: Փառք Աստծո, ես հաջողեցի:

-Որո՞նք են ձեր բեմադրած ներկայացումները:

-Բեմադրել եմ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը»,  հալեպահայ գրող Գրիգոր Մելքոնյանի «Տարեց թեկնածուն», «Սասնա ապստամբությունը», որը պատմում է մեծն Մուրադի գործունեության մասին:   

Անդրադարձել եմ նաև մեծ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին: Մեր բեմադրիչ ընկերներից մեկը պիես գրեց նրա մասին, ես այն բեմադրեցի: Մինչ ներկայացումը Հալեպի նոր սերունդը քիչ բան գիտեր Գորկու մասին:

Մենք այնպիսի բեմադրություններ ենք պատրաստում, որոնք օգտակար լինեն, կրթեն, դաստիարակչական բնույթ ունենան:

-Ի՞նչ սերիալներում եք նկարահանվել:

- Սիրիայում մասսայականություն վայելող «Ընտանիքի դրոշը» և «Թաղված անտիկ նմուշները» արաբական սերիալներում:

Առաջինը պատմում է Սիրիայում հայտնի բանաստեղծ Աբուխալիլ Կաբենիի մասին, որին ժամանակին արտաքսել են երկրից ազատամտության պատճառով: Նա բնակվել է Եգիպտոսում և մեծ հաջողությունների հասել: Ներկայումս Դամասկոսում նրա անվան թատերասրահ կա: Սերիալում մարմնավորում էի թուրք սպարապետի… Թուրքերին մարմնավորելու համար ռեժիսորներն ընտրում են այն դերասաններին, որոնք տիրապետում են այդ լեզվին: Նշեմ, որ հալեպահայերի մեծ մասը թուրքերեն գիտի:

«Թաղված անտիկ նմուշները» սերիալում ինը տեսարանում եմ խաղացել և լավ տպավորություններ ստացել… Ֆիլմերում խաղալու առաջարկները ստանում էի «Նոր սերունդ» մշակութային միության միջոցով: Նրանք բազմաթիվ պաշտոնական կապեր ունեին: Ներկայացումներ բեմադրելու, խաղալու համար նույնպես դիմում էինք այս միությանը: Նրանք էին տրամադրում բեմը, դեկորները: Միությունն էր զբաղվում ներկայացումների տոմսերի վաճառքով և այլ կազմակերպչական հարցերով:  Բեմադրիչներից և դերասաններից պահանջվում էր որակյալ ներկայացում և խաղ ապահովել: Ներկայցումներին գալիս էին տարբեր տարիքի մարդիկ` մեծահասակներ, երիտասարդներ, անգամ երեխաներ: Երկու կամ երեք շաբաթվա ընթացքում խաղում էինք երկու կամ երեք ներկայացում: Հաճախականությունը կախված էր նրանից, թե հանդիսականն ինչպես էր ընդունում պիեսը:

-Հալեպահայերը ո՞ր ժանրի ներկայացումներին էին տալիս իրենց նախապատվությունը:

-Հիմնականում նախընտրում էին թեթև, դյուրամարս բեմադրություններ` կատակերգություններ, ոչ դրամաներ: Շատ էին սիրում Հակոբ Պարոնյանի, Երվանդ Յոլյանի գործերը: Ես մեծ պատիվ եմ ունեցել խաղալու Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում:  Նշեմ, որ ներկայացումներն արևմտահայերեն էին:

Բոլոր գործերս նկարահանված են… Ավաղ, մեծ մասը մնացել է Սիրիայում:

-Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք բնակվում:

Երկու տարի է ինչ հայրենիքումս եմ: Երբ նոր էի եկել, որոշ հեռուստաալիքների դռներ թակեցի, սակայն ապարդյուն: Այլևս չեմ մտածում թատերական գործունեության կամ ֆիլմերում նկարահանվելու մասին, բայց որոշ չափով հետևում եմ Երևանի մշակութային կյանքին: Դիտել եմ Նարեկ Դուրյանի ներկայացումներից մեկը, նաև «Անուշ» օպերան, որն ինձ շատ է տպավորել: Ներկա եղա ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի երևանյան ներկայացմանը, որտեղ որդիս իր դեֆիլեն ցուցադրեց:

-Ձեզ համար դժվա՞ր էր Հայաստան գալու որոշում կայացնելը:

-Եթե լքում ես ծննդավայրդ, ապա պետք է հայրենիքումդ ապրես: Հալեպում թողել եմ իմ սեփականությունը, չգիտեմ ինչ կլինի, գուցե ռումբ պայթի այնտեղ, բայց չեմ մտածում ետ գնալու մասին: Անգամ չեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին: Չեմ պատկերացնում ինձ Եվրոպայում կամ այլ վայրում: Զավակներս նույնպես սիրեցին Հայաստանը: Լեզվի հետ կապված խնդիր չունենք, աշխատանքի հետ կապված խնդիրներ ամեն տեղ էլ կան:

-Ձեր ընտանիքի բոլո՞ր անդամներն են հայրենիք վերադարձել:

-Քույրս դեռ Հալեպում է: Ունեմ երեք տղա, որոնցից երկուսը Հայաստանում են ապրում, մյուսը՝ Քաթարում,  հաշվապահ, տնտեսագետ է: Փոքր տղաս Հալեպում մաթեմատիկական ուղղվածությամբ սովորեց մագիստրատուրայում, հետո եկավ Հայաստան և Ամերիկյան համալսարանում շարունակեց ուսումը, կինս խոհարարուհի է` արաբական խոհանոցի վարպետ:

 Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, որ ինձ քաղաքացիություն շնորհեցին: Վաթսունհինգս անց եմ, և ինձ թոշակ են տալիս: Շատերը գալիս են Հայաստան, և երբ իրենց ակնկալիքները չեն իրականանում, հիասթափվում են, այլ երկրներ գնում… Սակայն իմ բախտը բերել է: Ինձ և ընտանիքիս լավ են ընդունել: Սիրում եմ Հայաստանը և հարմարվել եմ:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am