Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ԱրՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ապրիլի 20-ին ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմ:
Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին: Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների: Ռ.Մելիքյանը նաև նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում