Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Նյու Ջերսիի «Հովնանյան» վարժարանի սաներին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Նյու Ջերսիի «Հովնանյան»  վարժարանի սաներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 27-ին ընդունեց  Նյու Ջերսիի «Հովնանյան»  վարժարանի սաներին՝ փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանի և ուսուցչուհի  Թագուհի Տապաղյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները  նախարարություն էին եկել հատուկ առաքելությամբ՝ իրենց աջակցությունը փոխանցելու Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով «Հովնանյան» վարժարանի սաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վարժարանի անունը խորհրդանշական  և պարտավորեցնող է, և հավելեց. «Հովնանյան եղբայրները մեծ ներդրում ունեն նոր Հայաստան կերտելու գործում: Ես ցանկանում եմ, որ դուք՝ որպես հայ, նմանվեք Հովնանյաններին, և ձեզ համար նույնպես Հայրենիքը միշտ լինի առաջին տեղում: Ես ձեզ մի քանի խնդրանք ունեմ: Հայաստանից վերադառնալով՝ խոստացեք ինքներդ ձեզ, որ հայերենը երբեք չեք մոռանալու: Հաճախ ձեր ծնողներին հորդորեք, որ ձեզ Հայաստան բերեն, և մշտապես Հայրենքիը ձեր սրտում պահեք: Եվ վերջին խնդրանքս. շատ սովորեք, շատ կարդացեք և լավ մարդ ու լավ հայ եղեք, որպեսզի օտարների մեջ առանձնանաք ձեր տեսակով»: Նախարարը կարևորեց դպրոցի դերը հայապահպանության գործում և բարձր գնահատեց վարժարանի նախաձեռնությունը՝ օգնել սիրիահայ ընտանիքին, որի հինգ որդիներց երեքը զինվորներ են և պաշտպանում են Հայրենիքի սահմանները:

«Հովնանյան» վարժարանի փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես նշեց. «Ամեն տարի՝ ապրիլին, վարժարանի աշակերտները այցելում են Հայաստան, լինում պատմական  և տեսարժան վայրերում: Այս տարի աշակերտերը որոշեցին հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Նրանք իրենց պատրաստած քաղցրավենիքների վաճառքի արդյունքում հավաքված գումարը ցանկացան փոխանցել Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին»:

Հանդիպման ընթացքում Սիլվա Մեսրոպյանը «Հովնանյան» վարժարանի անունից սիրիահայ ընտանիքին փոխանցեց 720 ԱՄՆ դոլար:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանի վարժարանի սաներին նվիրեց Նահապետ Քուչակի հայրենները՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, հայերեն գրքեր և ֆիլմեր: Վարժարանի սաները դիտեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am