Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանագետը Հայաստանի համար շահեկան է համարում Հասան Ռոուհանիի վերընտրվելը

Իրանագետը Հայաստանի համար շահեկան է համարում Հասան Ռոուհանիի 
վերընտրվելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի վերընտրվելու փաստը Հայաստանի համար շահեկան է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը մայիսի 22-ին լրագրողներին ասաց, որ նախագահի փոփոխության պարագայում նոր կառավարություն պետք է լիներ, որը կրկին պետք է հստակեցներ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաստատված ծրագրերը և այլն: 
«Իրանում ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստան-Իրան համատեղ որոշումները կյանքի կոչվելու մեծ հեռանկար ունեն: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերընտրվելը ձեռնտու է Հայաստանի համար ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը: Գործող և վերընտրված նախագահ Ռոուհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձ է: Սակայն պետք է նաև նշեմ, որ Իրանի քաղաքական օրակարգը փոփոխվելու է: Ռոուհանին, թեև հսկայական թվով ձայներ հավաքեց՝ ավելին քան նախորդ ընտրություններում, միևնույն է՝ իրանցիների ակնկալիքներն աճել են՝ կապված երկրի ազատականացման, տնտեսական հաջողությունների հետ»,- նշեց Ոսկանյանը: 

Նրա խոսքով՝ նախագահ Ռոուհանիի վարչակարգը արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը կատարել է՝ մերձավորարևելյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներն այսօր առանց Իրանի որևէ խնդրի կարդինալ լուծում չեն տալիս: 

Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանն այս ընտրություններով ավելի ամրապնդեց իր դիրքերն աշխարհում, քանի որ կարողացավ ընտրություններին ապահովել բարձր մասնակցություն: Իրանը շարունակելու է գործել Սիրիայում, ազդեցություն կունենա Արաբական թերակղզում, Աֆղանստանում և այլն: 

Իրանագետը նկատեց, որ մի քանի ոլորտներում Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն արդեն հաջողություններ են գրանցել։ 

«Հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն էներգետիկ ոլորտն է, որը հաջողությամբ զարգանում է։ Բայց մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են՝ հաղորդակցության ուղիներ, ճանապարհների խնդիրներ։ Անձամբ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը, որպես կարևորագույն հանգուցային երկիր։ Մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին»,- ընդգծեց Ոսկանյանը։ 

Այս պահին հայկական կողմը պետք է օրակարգից դուրս չթողնի հայ-իրանական երկաթուղու խնդիրը։ 

«Շատ կարևոր եմ համարում Իրանի հետ եռակողմ, քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումը՝ ընդգրկելով մի կողմից Վրաստանին, որոշ պարագաներում՝ Ռուսաստանին, Թուրքմենստանին և այլն: Մեր երկիրն ու Իրանը բանակցում են Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, այստեղ որոշակի առաջընթաց է գրանցվել: Կարևոր է արագ իրականացնել նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը պետք է առաջիկա տարիներին մեկը մյուսի հետևից իրացնենք:  Իրանական կողմը պատրաստակամ է այդ ծրագրերի իրականացման համար համագործակցել մեզ հետ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը: 

Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը: Իրանի նախագահի պաշտոնին հավակնում էին չորս թեկնածու՝ Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: 

Իրանի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել մայիսի 19-ին: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 56 մլն քաղաքացիների շուրջ 70 տոկոսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am