Շուշին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքում կներկայանա իր պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդեսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաք Շուշիի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Բուրգ լե Վալանսում կազմակերպել Շուշիի պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդես։ Այս մասին հայտնել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Փոխայցելության հրավեր ունենք Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենի կողմից և պատրաստվում ենք դեկտեմբերին մասնակցել այդ քաղաքում անցկացվելիք Սուրբ ծննդյան միջոցառմանը: Ծրագրով նախատեսված է նաև մեր պատվիրակության կողմից Շուշիի պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդես կազմակերպել»,- նշել է Արծվիկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ Շուշին բարեկամական և համագործակցության հռչակագրեր ունի ստորագրած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս, Վիլյորբա և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքների հետ: Շուշիի քաղաքապետի խոսքով՝ արդեն երկու անգամ Արցախ է ժամանել Վիլյորբայի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորած պատվիրակությունը, որի անդամները ցանկություն են հայտնել աջակցել Շուշիում մշակութային ոլորտի զարգացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում