Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարոտել եմ բեմը, ունկնդրին. Նարեկ Հախնազարյանը` մեկուսացման դրական և բացասական կողմերի մասին

Կարոտել եմ բեմը, ունկնդրին. Նարեկ Հախնազարյանը` մեկուսացման դրական և 
բացասական կողմերի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն ապրիլի 7-ից մեկուսացված էր Երևանի հյուրանոցներից մեկում, արդեն իր բնակարանում է: Երաժիշտը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հախնազարյանը պատմել է ինքնամեկուսացման դրական և բացասական կողմերի մասին, անդրադարձել հարազատների աջակցության կարևորությանը և իր առաջիկա ծրագրերին:

-Մարդիկ տարբեր կերպ են փորձում հաղթահարել այս  դժվարին փուլը: Ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ զվարճալի հոլովակներ են տեղադրում համացանցում, երգում են, պարում, մոդայի ցուցադրություններ են կազմակերպում: Մեկուսացման շրջանում դուք ինչպե՞ս եք պայքարում ձանձրույթի դեմ:

-Ընտանիքիս անդամների հետ տեսանյութեր դեռևս չեմ պատրաստել, բայց չեմ բացառում, որ հետագայում մորս և հորս մասնակցությամբ հետաքրքիր երաժշտական նախագծեր իրականացնենք: 14-օրյա կարանտինը բավականին հաճելի անցավ, որովհետև շատ էի քնում, ինչը  վերջին մի քանի տարվա ընթացքում իմ կյանքում հազվադեպ երևույթ է, ընթերցում էի, ֆիլմեր դիտում:  Հանդես եկա վիրտուալ համերգով, որը ուղիղ հեռարձակվեց ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տարբեր գաղափարներ ունեմ՝ կապված օնլայն ելույթների հետ:

-Ելույթ ունեցաք նաև  հյուրանոցի սպասասրահում՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց կատարած աշխատանքի համար: Բազմաթիվ արտիստներ խոստովանում են, որ վիրտուալ տիրույթում իրականացվող ոչ մի համերգ չի կարող փոխանցել այն ապրումները, որոնք երաժիշտը կամ դերասանն ունենում է հանդիսատեսի հետ կենդանի շփման ընթացքում…

-Եթե հնարավորություն լինի ընտրություն կատարել կենդանի համերգի և տեսախցիկի առաջ ելույթ ունենալու միջև, բնականաբար, կընտրեմ իրական ելույթը, ունկնդրի հետ հաղորդակցումը, իրական էներգիան, որին ոչինչ չի կարող հավասարվել, բայց այս պայմաններում օնլայն համերգն արտիստի համար  արվեստասերների հետ շփման և նրանց հետ երաժշտությունը կիսելու միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս հաճելի պահեր պարգևել երաժշտասերներին:

Ես շատ եմ կարոտում բեմը, բեմում ելույթները, բայց եթե վիրտուալ տիրույթում համերգները չլինեին, շատ ավելի ծանր կլիներ:

-Խոսեցիք գրքերի, ֆիլմերի մասին: Կարծում եմ՝ ձեր երկրպագուներին հետաքրքիր է, թե այս ոլորտում ինչ նախասիրություններ ունեք:

-Այս ընթացքում ընթերցել եմ Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկ»-ը և Պավել Սանաևի «Похороните меня за плинтусом» ստեղծագործությունները: Հիմնականում սիրում եմ ռուս գրականություն կարդալ, բայց ինձ դուր է գալիս նաև Շեքսպիրը: Անգլերենին լավ եմ տիրապետում, բայց դեռ չեմ փորձել նրա գործերը բնագրով ընթերցել, քանի որ շեքսպիրյան անգլերենն այլ է, և ստիպված կլինեմ դիմել բառարանի օգնությանը:

Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա ասեմ, որ դիտեցի «Curb Your Enthusiasm» ամերիկյան հեռուստասերիալը, որի սցենարիստը, գլխավոր դերակատարը՝ Լարի Դեյվիդը, լեգենդար դերասան է: Յուրօրինակ, ֆանտաստիկ կոմեդիա  է, որը 2000-ականներին է նկարահանվել: Մեծ բավականություն ստացա հեռուստասերիալից: Միակ կոմեդիան էր, որը նայելիս բարձր ծիծաղում էի հյուրանոցի իմ համարում:

-Ինքնամեկուսացման շրջանում ասես վերարժևորում ես այն ամենը, ինչն ունես, գնահատում ես այն, ինչին բնականոն կյանքում գուցե ուշադրություն չես դարձրել: Դուք այս մասին մտածե՞լ եք:

-Երբ մենակ ես, և կողքիդ հոգատար, ուշադր մարդիկ են, որոնց համար կարևոր ես, ավելի ես գնահատում նրանց, արժևորում նրանց հետ շփումը:  Դա այս իրավիճակի  դրական կողմերից մեկն է: Գտնվելով Երևանում՝ կարոտում եմ բնական ու պարզ երևույթները, որոնց ուշադրություն չէի դարձնում մինչև ինքնամեկուսացումը: Կարոտում եմ զբոսանքը, սրճարանները, ընկերներիս հետ ակումբներում ջազ երաժշտություն լսելը: Այդ ամենի բացակայությունը նկատվում է, բայց որպես երաժիշտ, որն անըդհատ ճանապարհորդում է և լարված առօրյա ունի, ես նաև դրականը տեսա այս ամենում: Հնարավորություն ունեցա հանգստանալ, խորհել առանց շտապելու: Ֆանտաստիկ զգացողություն է, երբ մտածում ես վաղվա մասին ու հասկանում, որ ոչ մի տեղ չես գնալու, որ պարտավոր չես որևէ բան անել,  կարող ես անել այն, ինչ ցանկանում ես, այն, ինչ մտքիդ գալիս է: Վերջին տարիներին կյանքս գծագրված է. ես գիտեմ, թե հաջորդ տարի այս կամ այն օրը որտեղ եմ լինելու: Դա դրական կողմ էլ ունի, բայց այդ առօրյայով ապրելը հոգնեցուցիչ է:

Հայաստանում ինձ լավ եմ զգում: Հրաշալի է, որ հիմա տանն եմ և ունեմ վազելու, խանութ գնալու հնարավորություն:

-Հետաձգված համերգներ, անորոշ հեռանկարներ: Թունելի վերջում լույս տեսնո՞ւմ եք:

-Լույս տեսնում եմ, բայց խնդիրը նրանում է, որ չեմ պատկերացնում՝ այդ թունելն ինչ երկարության է:

Նախնական տվյալներով սեպտեմբերին պետք է որոշ հետաձգված համերգներ լինեն: Մինչ սեպտեմբեր գրեթե բոլոր համերգներս հետաձգվել են և տեղափոխվել հաջորդ տարի:  Հույս ունեմ, որ աշխարհի տարբեր կետերում սահմանները կամաց-կամաց կբացվեն և համերգներ կկազմակերպվեն:

Ինչպես արդեն ասացի, երաժշտի համար այս վիճակը շատ ծանր է նաև ֆինանսական տեսանկյունից,  բայց ավելի դժվար է բեմից ունկնդրի հետ շփման պակասն զգալը: Երաժշտությունը, բեմը, համերգներն իմ կյանքի ամենակարևոր մասնիկն են, և չեմ պատկերացնում կյանքս առանց այդ ամենի, հետևաբար որքան կարճ լինի թունելը, այնքան լավ:

Ես հորդորում եմ բոլորին զգոն լինել, լուրջ վերաբերվել այս իրավիճակին, չթերագնահատել այս վիրուսը: Հանդիպել եմ մարդկանց, որոնք այս ամենը հնարած, ուռճացրած խնդիր են համարում, այնինչ ճանաչում եմ տասնյակ մարդկանց, որոնք վարակվել են, ճանաչում եմ երկու մարդու, որոնք մահացել են կորոնավիրուսի պատճառով և գիտեմ, որ Իտալիայի, ԱՄՆ-ի հիվանդանոցներում տեղ չկա, և մարդիկ մահանում են՝ չստանալով բժշկական օգնություն, որովհետև ռեսուրսները չեն հերիքում: Մենք պետք է գնահատենք այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը մեր քաղաքացիների կյանքը փրկելու համար, և պետք է օգնենք ղեկավարությանն արագ դուրս գալ այս իրավիճակից, որը նաև ֆինանսական ուժեղ հարված է հասցնում և՛ քաղաքացիներին, և՛ պետությանը: Պետք է կրել դիմակներ, ձեռնոցներ և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am