Փաշինյանը դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առջև բարձր նշաձողեր դնել
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 21–րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։
«Մեր երեխաներն այսօր քննադատաբար են վերաբերում ամեն ինչին, և ով քննադատաբար է մտածում, կարող է մտածել, որ կարող է առանց կրթության էլ G կարգի Mercedes ունենալ: Սակայն կա նաև հակառակ կողմը, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Mercedes»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այն, թե ինչպես են դպրոցի հարկի տակ երեխաներն անցկացնում յուրաքանչյուր րոպեն, ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան։
Վարչապետն ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի երեխաներն ապագայում երջանիկ լինեն ամենօրյա աշխատանքի մեջ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի նրանց ամենակարևոր առաքելությունը, որովհետև հենց դա է ամենամեծ երջանկությունը։
«Մեր մեծագույն նպատակն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային կենսակերպ։ Ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին։ Ձեր և մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ արդեն պատասխանատվություն ունենք։ Դիմակ դնելով՝ դուք այսօրվանից կարող եք պատասխանատու լինել ձեր տատիկների, պապիկների, ծնողների ու ընկերների նկատմամբ»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը շնորհավորեց երեխաներին նոր դպրոցի բացման, ինչպես նաև նոր ուսումնական տարվա առթիվ: Նա ընդգծեց, որ երկիրը կրթության հարցում պետք է առաջնորդվի երեք կարգախոսով՝ ուժեղ և երջանիկ անհատ, ուժեղ և երջանիկ ժողովուրդ, ուժեղ և երջանիկ պետություն:
Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Լիլիթ Դեմուրյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում