Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքական գամբիտ. Պատերազմի սիրիականացումը

Թուրքական գամբիտ. Պատերազմի սիրիականացումը

Ընթացող պատերազմի սցենարիստների ու ռեժիսորի հիմնական նպա­տակը Ռուսաստանի Դաշնության դուրսմղումն է Հարավային Կովկասից, իսկ այնուհետև` ողջ Կովկասից: Տարբերակներից մեկը Ղարաբաղյան հիմնախնդրի սիրիա­կա­նացումն է: Թուրքիան ձգտում է մուտք գործելու ղարաբաղյան բանակցային գործընթաց` որպես ծանրակշիռ ու ազդեցիկ դերակատար` պար­տադրելով հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Նախագահ Էրդողանի գրեթե բոլոր ելույթներում առաջնահերթ թիրախը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ տեսլականը` Սիրիական հակամարտության կարգավորման` Աստանայի գործըն­թացի ադապտա­ցումը Հարավային Կովկասում: Ակնարկը հստակ է. ազդեցության ոլորտների նախատեսում բանակցային գործընթացում ներգրավված պետութ­յուն­ների` Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի համար: Հետևաբար` Թուրքիայի դեպքում կարևորվում է ոչ այնքան հիշյալ ուժերի արդյունավետ գործունեությունը, որքան ներկայությունը, որն ինքնաբերաբար, եթե ոչ պատերազմի, ապա առնվազն հակամարտության շրջանակներում առկա գործոնների ու գործընթաց­ների սիրիականացման խորհուրդն ունի: Նման սցենարը կյանքի կոչելու դեպքում Թուրքիան, անկախ Ադրբեջանի համար պատերազմի արդյունքներից, շահող կողմ կլինի:  

Սիրիայում և Լիբիայում գործած ահաբեկչական խմբավորումների ներգրա­վումը ղարաբաղյան հարթակում ունի զարգացումների սիրիականացման ուղերձ, այն է` թե´ ռազմական, թե´ քաղաքական նշանակություն:       

Ըստ էության, 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պա­տե­րազմն ավարտվեց Ադրբեջանի պարտությամբ: Որպես արդյունք` Ադրբեջանն իր զինված ուժերի ղեկավարումը լիովին դրեց Թուրքիայի վերահսկողության ներքո:

Ներկայումս ընթացող պատերազմը հայ-թուրքական է: Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հիշյալ պատերազմին տալ հայ-թյուրքական բնույթ` ապահովելով թյուրքական պետությունների և ժողովուրդների աջակցությունը: Այս համատեքստում կարելի է դիտարկել այն փաստը, որ խառը էթնիկական կազմ ունեցող (այդ թվում` թուրքմեններով համալրված) «Սուլթան Մուրադ», «Համզա» և «Նուրադդին ալ-Զենկի» ահաբեկչական խմբավորումները ներկայացնող վարձ­կանների հետ մեկտեղ Թուրքիայի նախա­ձեռ­նությամբ պատերազմական գոտի են տեղափոխվել նաև Արևելյան Թուր­քեստանի իսլամական շարժման (այն է` ույգուրների)` սիրիական փորձա­ռությունն ունեցող զինյալները, և զուգա­հե­ռաբար շրջանառվում են նաև Իրանի Իսլամական Հան­րապետությունում (Արդաբիլ, Թավրիզ ՈՒրմիա) թյուրքախոս ազարիների հակա­հայկական ցույցերի մասին լուրերը, որոնց նպատակը ՀՀ-ԻԻՀ սահմանի փակումն է:

Սակայն ներկայիս պատերազմը նաև ռուս-թուրքական բնույթ ունի: 

Ամրապնդվելով Հարավային Կովկասում` Թուրքիան ընդլայնում է սակարկ­ման իր դաշտը Մեծ Մերձավոր Արևելքի շրջանակներում: Ավելին. պատերազմի ներկայիս տրամաբանությունն ունի ՀԱՊԿ-ի թուլացման միտում, քանզի հետևո­ղականորեն շեշտվում և առաջին պլան է մղվում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի արդյունավետությունը («Մեկ ազգ, երկու պետություն» և «Մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսների շրջանակներում), և երկրորդ պլան մղվում ՀԱՊԿ-ում ներգրավ­ված դաշնակիցների համախմբվածությունը:

Պատերազմն ունի նաև հոգեբանական և դեմոնստրատիվ նշանակություն: Թեև թուրքական բանակը ունի բազմաթիվ ռազմական հենակետեր և տրանս­սահ­մանային գործողություններ է իրականացնում հյուսիսային Իրաքում, հյուսիսային Սիրիայում, Լիբիայում, մինչև 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմը ռուսա­կան գործոնի ուժով բացառվում էր Թուրքիայի ցանակացած ռազմական ներ­գրավվածություն Հարավային Կովկասում: Կարմիր գծերը հատելով` Թուր­քիան հաղթահարեց նաև ռուսական զսպող գործոնի հանդեպ հոգեբանական արգելքը: Ավելին արևելյան Միջերկրականում առկա հույն-թուրքական հակա­սութ­­յուն­ների ու ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Թուր­քիայի անմի­ջական ռազմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (փաստացի` հայ-թուրքական պատերազմը) յուրահատուկ ուղերձ է Հունաս­տա­նին և ԵՄ մյուս պետություններին Թուրքիայի քաղաքական և ռազմական վճռականության մասին:

Նոր դերակատարների ու գործոնների մուտքը տարածաշրջան կզու­գակցվի Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության անկանխատեսելի փոփոխությամբ, ինչը բնականաբար կհանգեցնի ոչ միայն բանակցային ձևաչափի վերանայմանը Ղարաբաղյան հարցում, այլև Ռուսաստանին կկանգնեցնի «ցուգցվան­գի» առջև` հետխորհրդային էթնիկ, կրոնադավանական և տարածքային խնդիրների ողջ պարագծով: 

Եթե Հայաստանի Հանրապետությունը ունի Թուրքիան և թյուրքական աշխարհը բաժանող ամրոցի ֆունկցիոնալ նշանակություն, ապա Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Ռուսաստանի հիմնական խարիսխն է Հարավային Կովկասում:

 

Վահրամ Պետրոսյան, պ.գ.թ., դոցենտ

Դավիթ Մանասյան, պ.գ.թ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am