Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Մարալի խրթին ճանապարհը դեպի ազատություն

Մարալի խրթին ճանապարհը դեպի ազատություն

ԼՈՆԴՈՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չորս ամիս առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերին, Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի մասին հայտարարությունից հետո դադարեցվեց ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Նույն օրը, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվեցին խաղաղ բնակիչներ Մարալ Նաջարյանն ու Վիգեն Եվլճեջյանը, ովքեր իրենց պատկանող գույքը վերցնելու համար Վիգենի մեքենայով Երեւանից մեկնեցին Բերձորով դեպի Շուշի։

Մարալի գույքը գտնվում էր Բերձորի հյուրանոցում, իսկ Վիգենինը՝ Շուշիի իր բնակարանում։ Ցավոք, վերջիններիս հենց իրենց իսկ մեքենայում նախքան ռուս խաղաղապահների տեղակայվելը Արցախում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարեցին Բերձորիև Շուշիի միջև ընկած հատվածում։ Լիբանանում տնտեսական ճգնաժամից և քաղաքական անկայուն վիճակից ելնելով, ի պատասխան ՀՀ կառավարության Արցախում բնակվելու կոչին, լիբանանահայերից շատերը ցանկացան տեղափոխվել հայրենիք։ Մարալը 5 տարի առաջ ստացել էր ՀՀ քաղաքացիություն և կանոնավոր ճանապարհորդում էր Երևան և Բեյրութ ՝ ակնկալելով բիզնես սկսել, իսկ հետո բերել իր երկու չափահաս երեխաներին:

Վերջապես, Բեյրութի 2020 թ. օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո, օգոստոսի 25-ին Մարալ և Անի Նաջարյան քույրերը Հայաստան ժամանեցին և սեպտեմբերի սկզբին դիմեցին հաստատվելու Արցախում: Լիբանանահայ մի քանի այլ ընտանիքների հետ Մարալը սեպտեմբերի կեսին հասավ Շուշի, բայց կարճ ժամանակ անց հասկանացավ, որ քաղաքի միջնաբերդի բարձրությունը բարենպաստ չէ իր առողջության համար: Ուստի սեպտեմբերի 26-ին նրանք նախընտրեցին բնակություն հաստատել Բերձոր քաղաքում, որտեղ էլ ցանկանում էին սկսել փոքր բիզնես՝ վարսավիրանոց կամ փոքր ռեստորան: «Մարալը ոսկե ձեռքեր ունի, նա կարող է ամեն ինչ անել, և մենք շատ էինք սպասում մեր նորկյանքին մեր հայրենիքում»: Բայց պատերազմը այլ բան որոշեց ... Քույրերը ստիպված էին թողնել իրենց գույքը, վերադառնալ Երևան ու մորաքրոջ տանը հուսով սպասել պատերազմի բարեհաջող ավարտին։ Մարալի գերեվարվելուց ի վեր, նրա քույրը` Անին Երևանում, և ընտանիքը` Բեյրութում, զանգահարում և գրում էին լիբանանցի պատգամավորներին, դեսպանատներ և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի տարբեր գրասենյակներ` Մարալի առողջության և կալանքի պայմանների մասին տեղեկություն ստանալուհամար:

2021-ի հունվարի 28-ին Մարալին և հայ ռազմագերիներին ազատարձակելու համար բրիտանահայ մարդասիրական խումբը սկսեց ստորագրահավաք-արշավ՝ դրանք ուղարկելով ՄԱԿ-ին, ԵԽ-ին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ստորագրահավաքը տարածվեց աշխարհով մեկ և շուրջ 20.000 ստորագրություն հավաքվեց: Լիբանանի պաշտոնյաների, այդ թվում` հայտնի հայ հասարակական գործչի և լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունու միջամտությունից հետո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ի վերջո, իրավունք ստացավ այցելել Մարալին և Վիգենին Բաքվի մոտ գտնվող բանտում։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար էր, երկու պատանդները իրենց ընտանիքներին հակիրճ, ձեռագիր նամակներ փոխանցեցին Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի աշխատակիցների միջոցով ` պարզապես նշելով, որ նրանք լավ են, բայց չգիտեն, թե երբ են ազատարձակվելու: Երկու գերեվարվածների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվել մինչև 2021 թվականի մարտի 10-ը:

2021 թ. մարտի 10-ի առավոտյան Բեյրութում գտնվող Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունից (ԿԽՄԿ) զանգահարեցին Բեյրութում գտնվող Մարալ Նաջարյանի դստերը ` տեղեկացնելով, որ Մարալը լքում է իր Բաքվի բանտը և նույն օրը պետք է ժամանի Բեյրութ: Նույն կերպ հաստատվեց, որ Մարալը հոսպիտալացման կարիք չունի: «Ես չէի հավատում լուրերին, երբ նրանք զանգահարեցին», - ասաց Անի Նաջարյանը Երևանում. «Ես չէի կարող ամբողջ գիշեր քնել, և ես կհանգստանայի միայն այնժամանակ, երբ քույրս ապահով տուն գա»: Մարալը նստեց «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթը մարտի 10-ին` ժամը 08.30-ին, Բաքվից Ստամբուլ: 

Չնայած ամբողջ գործողությունը գաղտնի էր, Բեյրութի միջազգային օդանավակայանում Մարալին իր երկու երեխաներ, եղբայրների ու քույրերի իրենց մեծ ընտանիքների հետ միասին սպասում էին LBC -ի լրագրողները: Ժամանելուն պես արցունքը աչքերում Մարալը գրկեց իր ավագ քրոջը՝ Սոսիին, ով տեղի հիվանդանոցում բուժքույր էր: «Ես աշխատում էի, երբ այսօր առավոտյան ստացա հեռախոսազանգը և անմիջապես վայր ընկա հատակին: Ես դեռ չեմ կարող հավատալ այն ամենին, ինչ տեղի է ունեցել այսօր»:

Իր հարցազրույցում Մարալը նշեց, որ իրեն լավ են վերաբերվել, բայց իրեն առանձնացրել են մյուսներից և երբեք թույլ չեն տվել դուրս գալ իր խցից: Այնուամենայնիվ, ընտանիքն ասաց, որ Մարալը կարծես թե ուժասպառ է եղել և ծերացել է վերջին չորս ամիսների ընթացքում: Գերեվարությունից ի վեր Մարալը կապ չի ունեցել Վիգենի հետ և գաղափար չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին: Մարալը առնվազն երկու հարյուր հայ ռազմագերիներից մեկն էր, որոնք մինչ օրս անօրինական պահվում էին Ադրբեջանի ռեժիմի կողմից: Նրանց մեջ կան մի քանի կանայք, և լիբանանահայ Մարալի ընկերը՝ Վիգենը, ով հինգ տարի է, ինչ ՀՀ քաղաքացիություն ունի, և Հայաստանում հաստատվել էր 2019 թվականից ու սեպտեմբերի 27-ի կործանարար պատերազմից մի քանի օր առաջ երազում էր նոր կյանք սկսել Շուշիում։

Հասմիկ Ջ․ Սեյմուր

Բրիտանահայ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]