Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը նախագիծ է ներկայացրել՝ օրենքի ուժով ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը նախագիծ է ներկայացրել՝ օրենքի ուժով ստիպելու 
Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ԱԺ նախագահի սեղանին է դրել մի նախագիծ, որը խորհրդարանում ընդունվելուց հետո պետք է օրենքի կարգավիճակ ստանա՝ ստիպելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Տեսիեն այս մասին հայտնեց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան:

-Պարոն Տեսիե, հայ ժողովրդի համար կարևոր օրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը մեծ պատվիրակությամբ Հայաստանում էիք, ձեր այցի խորհուրդը ո՞րն էր, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել այստեղ:

-Ինչու մենք այս այցով Երևան եկանք հենց այդ օրը, որովհետև հիշատակման կարևորագույն օր է Ապրիլի 24-ը, որովհետև դա մեզ համար էլ Հայոց ցեղասպանության կարևորագույն հիշատակում է: Ճիշտն ասած, մենք կցանկանայինք գալ և պատերազմի ժամանակ, և միանգամից պատերազմից հետո: Իմ առաջին միտքն էր՝ գալ հայերի հետ ծննդյան տոները տոնել, հույսի, գեղեցկության տոները տոնել Հայաստանում, բայց այդ պահին հնարավոր չեղավ, այդ ժամանակ մենք ասացինք, որ միանշանակ, պարտադիր Ապրիլի 24-ին մենք պետք է գտնվենք Հայաստանում: Եվ այս անգամ մենք կրկնակի պատճառ ունեինք Հայաստան գալու՝ ոչ միայն ցեղասպանության հիշատակման կարևորագույն իրադարձության համար, այլ նաև հարգելու այն բոլոր երիտասարդների հիշատակը, որոնք ընկան այս վերջին պատերազմի ընթացքում:

-Փորձագետները գնահատում են, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միջազգային ճանաչման հարցը կրկին ակտիվացել է, ի՞նչ կանխատեսումներ ունեք դուք, միջազգային հանրության կողմից ճանաչման շղթայական ռեակցիա կհետևի՞:

-Ասեմ, որ դա շատ մեծ խորհրդանշական նշանակություն ունի և կունենա հետևանքներ, որովհետև, այո, 106  տարի է անցել, բայց միևնույն է, երբ աշխարհի ամենահզոր երկիրը ճանաչում է ցեղասպանությունը, դա ունի որոշակի ազդեցություն աշխարհում, և դա շատ կարևոր փաստ է այս պայմաններում:  Ասեմ՝ ինչու. ես այս հայտարարության հետևում լսում եմ Միացյալ Նահանգների կամքը՝ նորից հայտնվելու Մինսկի խմբի համանախագահության իրենց ճիշտ դերակատարման մեջ: Այսինքն՝ նորից վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահությունը՝ որպես խաղաղարար գործընթացի միակ հարթակ: Բացի այս իրադարձությունից, նաև կա այն փաստը, որ նախագահ Մակրոնը զանգահարել է նախագահ Պուտինին, և նրանք ունեցել են ուղիղ խոսակցություն՝ շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստանին նվիրված, այստեղ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Եվ դա ևս մեկ անգամ փաստում է բոլոր կողմերի կամքը՝ վերագործարկելու Մինսկի խմբի համանախագահության հարթակը՝ բանակցային պրոցեսը վերսկսելու համար՝ ոչ միայն որպեսզի Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունն ապահովի, այլ ապահովվի նաև Հայաստանի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ աշխարհի մեծ տերությունները սկսում են կամաց-կամաց հասկանալ այս ստեղծված իրավիճակի բնույթը, և իրենց շահերից է բխում, որպեսզի այս տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ կայուն խաղաղություն: Պետք է այս հարցը լուծվի ՄԱԿ-ի մակարդակում, որևէ պատճառ չեմ տեսնում՝ ինչու ՄԱԿ-ը պետք է օգնի այս կամ այն երկրին և չօգնի Հայաստանին: Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի մակարդակում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այստեղ նորից վերականգնվի խաղաղությունը: Այս քանի օրը ես Հայաստանում ականատեսն եմ եղել հայ ժողովրդի արիությանը, քաջությանը ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը արժանի է, որ իրեն սատարեն:

-Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով եռակողմ հայտարարությունը: Այս առումով Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի՞նչ կարող է անել՝ նպաստելու գերիների վերադարձին, և ոչ միայն Ֆրանսիան, միջազգային հանրությունն ի՞նչ դեր ունի, ի՞նչ պետք է անի:

-Կան օրենքներ, որոնք կառավարում են պատերազմները, կան օրենքներ, որոնք պարտադրում են վերադարձնել գերիներին՝ անհապաղ ձևով: Կա օրենք, որը պարտադրում է, որ ռազմագերին պետք է վերադառնա իր ընտանիք: Հայաստանն իր կողմից դա իրականացրել է: Եվ Ֆրանսիան, որն իրավունքի երկիր է, պահանջում է և շատ ուժեղ է պահանջելու, որ այդ իրավունքն իրականացվի:

Քիչ առաջ ես ինքս Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի սեղանին դրել եմ մի նախագիծ: Այն ունենալու է օրենքի կարգավիճակ, որով նախևառաջ ԱԺ-ն պետք է որոշի, և հետո Ֆրանսիայի կառավարությունը դա որպես օրենք իրականացնի՝ բոլոր միջոցները ձեռք առնելու, ստիպելու Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ես կարծում եմ, որ եվրոպական համայնքն իր կողմից նույն քայլերը կիրականացնի: Կարծում եմ, որ նաև անհատապես շատ եվրոպական երկրներ իրենց անունից նույն քայլերը կիրականացնեն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Ֆրանսիան մեծ ներկայություն էր ապահովել Երևանում՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի, խորհրդարանականների մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am