Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա հնարավոր ռիսկերը

Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու Ջո Բայդենի որոշումը և դրա 
հնարավոր ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում կայացրեց կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և հաջորդ բյուջետային տարում Ադրբեջանին տրամադրել ուղիղ ռազմական օգնություն (security aid): 907-րդ բանաձևն  ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է դեռ 1992թ.՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով, և այն ԱՄՆ կառավարությանն արգելում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պետական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տիպի շրջափակումների և ուժի կիրառման հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։

Ադրբեջանի տարածքով Աֆղանստան բեռների տարանցման հարցում Բաքվի համաձայնությունը ստանալու համար՝ 2001թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բանաձևում՝ թույլատրելով ԱՄՆ նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումը Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: 

Ադրբեջանին ռազմական օգնությունը տրամադրվել է հետևյալ հիմնական ծրագրերի շրջանակներում՝

  • նախկին Խորհրդային Միության զանգվածային ոչնչացման զենքերի և կապակցված ենթակառուցվաքների ոչնչացում,
  • գործընկերների կարողությունների զարգացում, հատկապես՝ հակաահաբեկչական գործողությունների, թմրանույթների կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ջրային և ցամաքային սահմանների անվտանգության, ռազմական հետախուզության գործողությունների ոլորտում,
  • ԱՄՆ-ից ռազմական ոլորտի ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերում,
  • հակաահաբեկչական, ականազերծման և կապակցված ծրագրեր:

Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

 44-օրյա պատերազմը, որը շատ առումներով աննախադեպ էր, էականորեն փոխեց մեր տարածաշրջանի և տարածաշրջանային մարտահրավերների ընկալումները ողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բավական խնդրահարույց է, որ ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը շարունակում է իր նախորդների գործելաոճը՝ որոշում կայացնելով ռազմական աջակցություն տրամադրել բացահայտ ագրեսորին: Ավելին, այդ որոշումը բավական հակասական է նաև Բայդենի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունների համատեքստում: Պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերին, նախագահի թեկնածու Ջ. Բայդենը Դ․ Թրամփի վարչակազմին կոչ է արել չկասեցնել 907-րդ բանաձևը և ապահովել դրա ամբողջական իրականացումը: Բացի այդ, Բայդեն-Հարիս թիմը հայկական հարցերի վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ պարտավորվել էր «վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը՝ համոզվելու, որ այն չի օգտագործվում հարձակողական միջոցների համար»:

Բայդենի կայացրած որոշումը չի տեղավորվում նաև նրա վարչակազմի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում հռչակած առաջնահերթությունների, մասնավորապես՝ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության սկզբունքի շրջանակներում: Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման որոշումը կայացվեց մի իրավիճակում, երբ Բաքուն բացահայտ խախտում է իր ստանձնած պարտավորությունները՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, նրանց ենթարկում է կտտանքների, ոմանց անգամ զրկելով կյանքից,  խրախուսում է պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ գործած զինվորականներին և բացում է հայատյացության մարմնացում հանդիսացող «ռազմական ավարի պուրակ»: Բավական կարևոր է, որ մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումները չվրիպեն միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ուշադրությունից, քանզի կարող են դառնալ վատ նախադեպ և օրինակ այլ երկրների համար։

Նշենք, որ ամերիկյան կողմը տրամադրվող աջակցությունը ներկայացնում է որպես ոչ թե «ռազմական», այլ «հակաահաբեկչական» բնույթի օգնություն: Նման փաթեթավորումը նույնպես հարցեր է առաջացնում, քանզի ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան զբաղված էին ահաբեկչության բացահայտ հովանավորմամբ՝ Արցախ տեղափոխելով մեծ թվով սիրիացի վարձկանների: Այս ամենը մի քանի անգամ հրապարակայնորեն արձանագրել են միջազգային տարբեր դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և առնվազն տարակուսելի է, որ «հակաահաբեկչական պայքարի» համար նախատեսված օգնություն կարող է տրամադրվել մի երկրի, որն օգտվում ահաբեկիչների ծառայություններից։

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ 907-րդ բանաձևի սահմանափակումների շրջանցման համար սահմանված է հստակ պայման, որ տրամադրվող օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի բանակցային գործընթացին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Սակայն, գործնականում անտեսվում է այն հանգամանքը, որ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության մի մասի հասցեատերը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է (նրանց կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության բարձրացման և այլ ծրագրերով), որն արդեն մի քանի տարի է ծառայություն է իրականացնում նաև Հայաստանի սահմանին: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զոհերի ցանկում քիչ չեն Ադրբեջանի սահմանապահ ծառայության  զինծառայողները, ինչը ապացուցում է, որ այն ակտիվորեն ներգրավված է եղել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում: Հաշվի առնելով այս իրողությունները՝ միանշանակ կարելի է պնդել, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը չի օգտագործվել կամ չի օգտագործվի Հայաստանի և Արցախի դեմ, ինչը օգնության տրամադրման համար նախատեսված պայմանի կոպտագույն խախտում է:

Ամփոփելով կարող ենք նշել, որ թեև ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը համոզմունք է հայտնել, որ տրամադրվելիք օգնությունը «չի նպաստի տարածաշրջանում հակամարտության խորացմանը», ինչի հետ բարդ է համաձայնել։ Իրականում, Արցախի դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայից հետո, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Բաքվի դրսևորած ոչ կառուցողական պահվածքի պայմաններում որևէ երկրի կողմից Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում ցանկացած տիպի համագործակցություն միմիայն նպաստելու է Ի. Ալիևի մոտ «անպատժելիության սինդրոմի» զարգացմանը՝ նրան դարձնելով առավել անկանխատեսելի և անվերահսկելի: Ուստի բավական կարևոր է, որ թե՛ Հայաստանի համապատասխան մարմինները, թե՛ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցները հնարավորինս ակտիվ աշխատեն ամերիկյան կողմի հետ՝ ընկալելի ներկայացնելով նման ռազմական աջակցության տրամադրման հնարավոր ռիսկերն ու հետևանքները՝ փորձելով հասնել 907-րդ բանաձևի լիարժեք կիրարկման։

Նարեկ Մինասյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am