Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա Դիլիջանում

Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հուլիսի 10-ին կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կանցկացվի կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Ծրագրում Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ», «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար», «Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար» ստեղծագործություններն են։

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984-ին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում. նա տեղյակ էր դրված ամեն մի քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։

Ժամանակին կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի երաժիշտներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակությանը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլ նպատակ ունի նպաստել Դիլիջանի ստեղծագործական տան հանրահռչակմանը։

Մինչև համերգը ԿԵԱԿ-ն իրականացնելու է անմխիթար վիճակում գտնվող ստեղծագործական տան տարածքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև Դիլիջան է տեղափոխելու համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ՝ հավուր պատշաճի միջոցառումն իրականացնելու համար։ ԿԵԱԿ-ի նպատակն է կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը վերածել գործող համերգային դահլիճի՝ էլ ավելի ակտիվացնելով տեղի մշակութային կյանքը։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը վերջին շրջանում իր բոլոր նախաձեռնություններով նպատակ է հետապնդում մարզային մշակութային միջոցառումներով ակտիվացնել մշակութային կյանքը Հայաստանի ամենատարբեր մարզերում, որտեղ հազվադեպ են տեղի ունենում նման մասշտաբային միջոցառումներ։ Առաջիկայում ԿԵԱԿ երաժշտախմբերը համերգներ են ունենալու նաև Հրազդանում, Կապանում, Գորիսում և այլ քաղաքներում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]