«Ֆուտբոլը չվերադարձավ տուն, այն գնում է Հռոմ». Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` «Ուեմբլի» մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնությանը, իսկ «ազուրիները» անկանոն էին գործում: Խաղակեսի վերջնամասում իտալացիների խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր, և այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին «ամենածեր» ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո, հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակի առաջին կեսին թիմերը զգուշավոր էին հարձակման գծում և առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը ևս նույն տեսքն ուներ, և այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները:
Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում