Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական հեռագրի մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը:
Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները:
Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում