Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

«Տաքսիստը» ֆիլմի սցենարի հեղինակ Փոլ Շրեդերը Երևանում հանդիպեց իր արվեստի երկրպագուների հետ

«Տաքսիստը» ֆիլմի սցենարի հեղինակ Փոլ Շրեդերը Երևանում հանդիպեց իր արվեստի 
երկրպագուների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնին Հայաստանը հյուրընկալել է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերին, որին փառատոնի բացմանը «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրեդերը, որը Սիդնի Փոլակի «Յակուձա», Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը», Բրայան դե Պալմայի «Մոլուցքը» և այլ հանրահայտ ֆիլմերի սցենարների հեղինակն է, հոկտեմբերի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում հանդիպեց կինոարվեստի ներկայացուցիչների և կինոյի երկրպագուների հետ:

Շրեդերը նշում է՝ առաջ կինո էին նկարահանում, կինոարվեստում ներդրում էին անում նվիրյալները, կինոյի սիրահարները, իսկ մեր օրերում շատ բան է փոխվել:

«Այժմ գործ ունեմ մարդկանց հետ, որոնք առանձնապես հետաքրքրված չեն ֆիլմերով: Հիմա տեխնոլոգիաները դարձան այնքան  մատչելի, որ նույն ֆիլմը, որը հնարավոր էր ստեղծել 45 օրում, հիմա  21 օրում է ստեղծվում: Մի ֆիլմ, որը նախկինում  առևտրային չէր լինի, հիմա դառնում է այդպիսին: Հիմա 21 օրում կինո կպատրաստենք, հետո ավելի քիչ ժամանակում: Ինձ այլևս չի հետաքրքրում, որ  կինոթատրոններում բոլոր նստատեղերը զբաղեցրած լինեն…  Այսօր մարդիկ չեն ուզում տանջանքների մասին նայել, ասում են, որ արդեն անցել են դրա միջով, իսկ ներդրողները պետք է հետ ստանան իրենց գումարները»,-շեշտում է նա:

Խոսելով հանրահայտ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ համագործակցության մասին՝ Շրեդերը խոստովանում է, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքը բարդանում ու ծանրանում էր: «Ասացի, որ անհրաժեշտ է ուղղակի ընկերներ մնալ: Երկու ռեժիսոր մեկ սենյակում մի քիչ բարդ էր: Իսկ դերասանները հետաքրքիր մարդիկ են. նրանք ատում են, երբ ասում ես, որ պետք չէ խաղալ, ատում են, որովհետև նրանց խաղի համար են վճարում, չեն սիրում, երբ իրենց վերաբերվում ես ասենք ինչպես շշի: Հաճախ ասում եմ, որ պատկերացնեն, թե իրենք ժայռ են ծովում, և փոթորիկը նրանց ամբողջ ուժով հարվածում է: Շեշտում եմ, որ ծովի ալիքները սցենարն է, բյուջեն և այլն: Ասում եմ, որ պետք չէ կռվել, որովհետև բոլորը գալու են և գնալու են, իսկ դուք մնալու եք: Դու ծառի տերև չես, այլ ժայռ ես»,-ասում է սցենարիստը:

Ըստ Շրեդերի՝ ֆիլմարվեստը մշակույթի ամենապասիվ ճյուղերից է, որովհետև հանդիսատեսը ոչինչի չի անում: «Մենք ձեր փոխարեն ամեն ինչ կանենք՝ գեղեցիկ տեսարաններ ցույց կտանք, անգամ կասենք, թե ինչ է պետք զգալ, իսկ ֆիլմը հիշվում է, երբ ամեն բան չէ, որ արվում է հանդիսատեսի փոխարեն, այլ ստիպում է, որ ինչ-որ բան նա անի: Երբ բացեր կան, դուք ստեղծագործ միտք եք ցուցաբերում, ապրումակցում եք կերպարներին»,-հավաստիացրեց Շրեդերն ու հավելեց, որ այդպես հանդիսատեսը ֆիլմի մասնակից է դառնում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները, որոնք ժամանել են Հայաստան, վարպետության դասեր կանցկացնեն:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]