Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ն՝ առաջատար. հայ գրականություն, հոկտեմբեր, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ն՝ առաջատար. հայ գրականություն, 
հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին տարիների գործերը։ Ներկայացված են կայքերում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Երկրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած պիոններն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Երրորդ տեղում է Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը: Գրքում ներառված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է. կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող մանրամասները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Չորրորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ…

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» հինգերորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» ութերորդ տեղում է։ «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը): Կատարվել են աննշան սրբագրումեր և ուղղումներ:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի անուններից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունն ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Մելոյի «Երկու զավեշտախաղ» գիրքը տասներորդ տեղում է։ Ի՞նչ է պատահում, երբ սրնգահարը որոշում է փախչել հոգեբուժարանից և հանդիպում է ծեր պահակին, իսկ ծեր պահակը հափշտակում է սրնգահարի օղիով լեցուն սրվակը և խմում պարոն Տուտուզի կենացը։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +6

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 46
2 *

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 41
3 *

Լիլի Մկրտչյան

«Թեյահոլիզմ»

հեղ․հրատ 29
4 -1

Վահան Թոթովենց

«Բաքու»

Էդիթ Պրինտ 26
5 -3

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

հեղ․հրատ 24
6 +2

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 20
7 *

Գոհար Նավասարդյան

«Հուշացած ակնթարթներ»

հեղ․հրատ 15
8 *

Րաֆֆի

«Խաչագողի հիշատակարանը»

Անտարես 15
9 *

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»

հեղ․հրատ 15
10 նոր

Մելո

«Երկու զավեշտախաղ»

հեղ․հրատ 13

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am