Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները և ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ: Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am