Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Փաշինյան

Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է 
ցուցաբերում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ. նրա կարծիքով սա պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանն, ըստ էության, պատերազմից հետո լինելով հետպատերազմյան էյֆորիայի մեջ՝ փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որ ժամանակակից աշխարհում գոյություն չունի: Եվ ընդհանրապես մենք շատ համբերատար, հետևողական, փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց կարծում եմ, որ մենք բոլորս պիտի արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, որովհետև հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում: Օրինակ՝ Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում և ի՞նչ է դա նշանակում, և ինչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ դա չի նշանակում, թե Հայաստանը որևէ կերպ հրաժարվում  է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից: Ընդհակառակը, Հայաստանն է, գուցե, ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Եվ միջանցքային տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից: Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչքան էլ նենգափոխվի, դրա 9-րդ կետում շատ հստակ ասված է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները, իսկ հունվարի 11-ի հայտարարության մեջ ավելի մանրամասն է ձևակերպված, թե ինչպես է դա տեղի ունենում: Եվ այս իրավիճակը պետք է ավելի ու ավելի միջազգայնանա, որովհետև սա արդեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարց չէ, սա միջազգային իրավունքի և աշխարհակարգի հարց է: Ադրբեջանի նախագահը հայտարարում է որտեղ ուզենք կկանգնենք: Սա ի՞նչ է նշանակում: Մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում, որտեղ ով որտեղ ուզենա կկանգնի: Այսինքն, սա նշանակում է, որ միևնույն կերպ որևէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա կկանգնի՞, կամ Ադրբեջանը, եթե նման հռետորիկա է կիրառում մի հարևանի նկատմամբ, սա նշանակում է, որ իր բոլոր հարևաններին հայտարարում է, որ որտեղ ուզենա կկանգնի՞, կամ սա նշանակում է, որ միջազգային իրավունքի նոր էջ է բացվո՞ւմ, և նախկինում գոյություն ունեցող ՄԱԿ-ի կանոնադրությունը, մյուս միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, և ով երբ, որտեղ ուզի կկրակի՞, կսպանի՞, կներխուժի՞: Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա: Այսինքն` վարձկանների ներգրավումը դառնո՞ւմ է նոր իրավունք»,- հարցադրում արեց վարչապետը:

Նրա խոսքով՝  սա է պատճառը, որ Հայաստանն այսօր այս հարցերի քննարկման մի քանի հարթակ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը ավելի ու ավելի լայնորեն պիտի դառնա քննարկման առարկա, ոչ միայն եռակողմ ֆորմատում, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն Հաագայում, ոչ միայն ՄԻԵԴ-ում: Ես առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել ժողովրդավարության գագաթնաժողովին, որն առցանց է տեղի ունենալու, նաև այնտեղ եմ պատրաստվում այս հարցը բարձրացնել: Այն, ինչ անում է Ադրբեջանը դա նրա և նրան քաջալերող երկրների կողմից հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության և հիմա կարող եմ ասել՝ նաև ժողովրդավարության վրա: Մենք այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, և մենք մեզ չենք սահմանափակելու»,- եզրափակեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am