Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է եվրոպական նախարարական կլոր սեղանին

ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է եվրոպական նախարարական կլոր 
սեղանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի քարտուղարությունը, ի դեմս Հ. Ե. Էդուարդո Կաբրիտայի, Պորտուգալիայի ներքին գործերի նախարարի, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի, Յանեզ Լենարչիչի՝ հումանիտար հարցերի և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի, հիբրիդային ձևաչափով կազմակերպել են նախարարական կլոր սեղան, որին առցանց մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից,  նստաշրջանին մասնակցելու հնարավորություն են ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի կողմից աջակցություն ստացող 55 պետությունների նախարարները, փոխնախարարները և պետքարտուղարները:

«Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ֆորումի բոլոր մասնակիցներին և հատկապես Շվեդիային, որ Հայաստանի հետ համատեղ ղեկավարում էր Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի 2021-2030 թվականների նոր «Ճանապարհային քարտեզի» պատրաստումը, և կոչ արել անդամ պետություններին հավանության արժանացնել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը բախվել է բնական և տեխնածին բնույթի տարբեր աղետների՝ փորձելով հարմարվել և գոյատևել: Փոփոխություններն ու հարմարվողականությունը, ավելի կայուն հասարակություն ունենալու համար նոր լուծումներ որոնելու ուղիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են գտնվում: Հանձնառու լինելով իրականացնել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագիրը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում ռիսկերի կանխարգելմանն անցումը ամուր և երկարաժամկետ հիմքերի վրա դնելու համար: Մենք ավարտում ենք քաղաքացիական պաշտպանության և ԱՌԿ ղեկավարման մասին նոր օրենքի վերանայումը, որը հնարավորություն է տալու իրականացնել անցումը դեպի ռիսկերի կանխարգելում՝ ներառելով հասարակության բոլոր շերտերը:

ԱՌԿ-ի ղեկավարման ազգային ռազմավարությունը ենթարկվում է կարևոր վերափոխումների՝ արտացոլելով ներկա իրողությունները, հաշվի առնելով առաջացող և սանդղակաձև ռիսկերը։ Այս նախաձեռնությունում մեզ աջակցում են ՄԱԿ-ի և Եվրոպական միության մեր միջազգային ԱՌՆ գործընկերները»:

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ նախարարական կլոր սեղանի ուշադրության կենտրոնում են եղել համավարակից քաղած դասերը և առաջընթացի համար անհրաժեշտ փոխակերպիչ մոտեցումների մշակումը: Շեշտվել է, որ կայուն ապագա ապահովելու համար անհրաժեշտ են նոր պարտավորություններ՝ այդ թվում ավելի սերտ միջազգային համագործակցություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]