Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և բերման է 
ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդինէ՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։

2021 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ «ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Ս.Ղուկասյանը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Այնուհետև քննչական կոմիտեն Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը, սակայն, 2021 թվականի օգոստոսի 21-ին մերժվել էր: 2021 թվականի սեպտեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին հայտնել էր, որ Սպարտակ Ղուկասյանը թաքնվում է ոստիկանությունից:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]