Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՀ-ն գնահատում է Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Մինասյան

ՀՀ-ն գնահատում է Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության 
խաղաղ կարգավորման հարցում. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ  Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, ցուցահանդեսը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի տնօրեն Դորու Լիչիուն և Ռումինիայի ազգային արվեստի թանգարանի տնօրեն Կալին Ստեջերեանը:

Դիվանագիտական հարաբերությունների պատմության վերաբերյալ հակիրճ ելույթներ են ունեցել նաև Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն և Ռումինիայի Սենատի նախկին նախագահ, նախկին արտաքին գործերի և պաշտպանության նախարար, Թեոդոր Մելեշկանուն:

Իր խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նշել է, որ Ռումինիան ՄԱԿ անդամ առաջին երկիրն էր, որ 1991 թ. դեկտեմբերի 11-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, որից մի քանի օր անց, մեծամասամբ Ռումինիայի հայ համայնքի ջանքերով, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ռումինիա։

«Այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ռումինիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը: Դեկտեմբերի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանը և իր ռումինացի գործընկեր Ադրիան Նաստասեն ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունները:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը և Ռումինիան դաշնակիցներ էին, և երկու երկրների միջև դե ֆակտո հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ: Բուխարեստում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որը, ռումինական իշխանությունների թույլտվությամբ, նույնիսկ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո, շարունակեց իր գործունեությունը՝ ՀՀ խորհրդանիշներով անձնագրեր տրամադրելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, ովքեր ապաստան էին գտել հյուրընկալ ռումինական հողում: Այսպիսով, կարող ենք ասել, որ այսօր խորհրդանշական առումով տոնում ենք ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այլ դրանց վերահաստատման տարեդարձը»,- ասել է Մինասյանը:

Դեսպանի խոսքով` անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Ռումինիան զարգացրել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլն:

«Ձևավորված երկխոսության կարևոր ուղղություններից է համագործակցությունը միջազգային և եվրոպական կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական մակարդակով: Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որ 2018թ․ հոկտեմբերին վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Մենք գնահատում ենք Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ ողջունելով նաև տարածաշրջանային ռումինական վերջին նախաձեռնությունը, որը միտված է նպաստելու Հարավային Կովկասում տևական խաղաղությանը և կայունությանը»:

Իր ելույթում Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն անդրադարձել է Ռումինիայի և Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ հիշատակելով ռումինական հասարակության մեջ կարևոր դերակատարում ունեցած հայերին, ինչպես նաև Ռումինիայում հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը:

Պետքարտուղար Նեկուլաեսկուն խոսել է  նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման մասին, այդ համատեքստում ընդգծելով Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին կայացած երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ վերջերս իր ունեցած հեռախոսազրույցը:

Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռոմֆիլատելիան՝ Ռումինիայի ԱԳՆ և ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, թողարկել էր հատուկ թողարկման ֆիլատելիստական թղթապանակ ու փոստային ծրար, որում պատկերված են ռումինահայ հայտնի արվեստաբան և հավաքիչ Գրիգոր Զամբաքչյանի լուսանկարն ու «Հայկական վանք. Հաճկատար 500-ամյակ» նամականիշը:

Միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի ակադեմիայի նախագահ Աուրել Պոպը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, Ռումինահայոց Թեմի ու ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am