Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի և Ավստրիայի միջև փոխգործակցության մեծ ներուժ կա. վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱԳ նախարար Շալենբերգին

Հայաստանի և Ավստրիայի միջև փոխգործակցության մեծ ներուժ կա. վարչապետ 
Փաշինյանն ընդունել է ԱԳ նախարար Շալենբերգին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Շալենբերգի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժ կա: Այն իրացնելու համատեքստում վարչապետը կարևորել է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Հայաստանի ու Ավստրիայի կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Երևանում հայ-ավստրիական գործարար ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնմանը, համատեղ նոր ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ըստ աղբյուրի՝ Ալեքսանդր Շալենբերգը նշել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ ունեցել է արդյունավետ բանակցություններ և նշել, որ Ավստրիան շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ բոլոր ուղղություններով: Ավստրիայի ԱԳ նախարարը ևս կարևորել է տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը և հավելել, որ ավստրիացի գործարարները մեծապես հետաքրքրված են մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով: Ալեքսանդր Շալենբերգը ողջունելի է համարել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին դրանց հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու գործում: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել է ՄԽ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի իրականացումը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հնարավորություններին և դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am