Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական 
մանկավարժահոգեբանական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով փետրվարի 21-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), ԿԳՄՍ նախարարության, Յունիսեֆի, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև 2021 թվականի ընթացքում ՀՄԿ-ի կողմից մշակված և հրատարակված ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդեսը:

 

Աջակցություն՝ ուսուցչի օգնականին

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի շարունակական քայլերը` կրթության ոլորտում համընդհանուր ներառականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

«Մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը համարում եմ կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկը: Մշակված ուսումնական նյութերը ոլորտի մասնագետների համար կարող են դառնալ լավագույն ուղեցույց` աշխատանքի ընթացքում հանդիպող ամենօրյա խնդիրները կարգավորելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` շեշտելով, որ կրթության ներառականությանն ուղղված անելիքները պետք է շարունակաբար զարգացնել:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` մշակված ձեռնարկները ոլորտի մասնագետների համար սպասված էին: Նախարարի տեղակալը մասնավորապես առանձնացրել է «Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ուղեցույցը, որտեղ նկարագրված են ուսուցչի օգնականի պարտականությունները և անելիքները, ուսուցիչների հետ համագործակցության ձևերը։ «Ուսուցչի օգնականի հաստիքը ներդրվել է դպրոցներում համընդհանուր ներառման անցնելու ժամանակ: Դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միշտ է, որ ուսուցչի օգնականները լիարժեք պատկերացնում են իրենց անելիքները: Մեթոդական նյութերն այս առումով շատ անհրաժեշտ են` օգնելու մասնագետներին` արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքը»,- նշել է նա` հավելելով, որ մեթոդական ձեռնարկի անհրաժեշտության մասին ուսուցչի օգնականները բազմիցս բարձրաձայնել են:

 

Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ

«Ներառական կրթությունը ենթադրում է նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ` ուղղված երեխաների կարիքներին: Մեր դպրոցներում այդպիսի նյութերի բացն ակնհայտ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և նշել, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված ձեռնարկներն ու ուսումնական նյութերը այդ բացը լրացնելու նպատակ ունեն: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներառականության ապահովումը պետք է դառնա մասնագիտական պարտադիր կոմպետենցիա (կարողունակություն)՝ յուրաքանչյուր ուսուցչի համար: Այս նպատակով ուսուցչի պարտադիր ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների պետական ծրագրում ներառված է նաև ներառականության բաղադրիչը:

Հանրակրթության ոլորտում ավարտվել է անցումը համընդհանուր ներառման

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության ոլորտում ամբողջությամբ իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն: 2021-22 ուսումնական տարվանից Արարատի և Վայոց Ձորի մարզերում ևս անցում կատարելով համընդհանուր ներառման` ավարտվեց ողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության անցումը կավարտվի 2023 թվականի վերջին:

Մշակվել են նոր ձեռնարկներ և ուսումնական նյութեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սավջյանը ներկայացրել է ՀՄԿ-ի կողմից 2020 -2021թվականներին մշակված աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ:

«Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրերը ներառում են ուսումնառության նախաայբբենական և ծրագրային նախաթվային շրջանները: Նշված երկու աշխատանքային գիրք-տետրերին կից մշակվել է «Ուսումնական նյութերի հարմարեցումներ: ‹‹Մայրենի 1›› և ‹‹Մաթեմատիկա 1›› աշխատանքային գիրք-տետրերի մեթոդական ուղեցույց››, որի նպատակն է աջակցել մանկավարժին յուրաքանչյուր առաջադրանքի կատարմանն ուղղորդելու առումով:

«Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ձեռնարկում ներկայացված են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները, նրա առջև դրված պահանջները և պարտականությունները, ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները:

«Արդյունավետ հարմարեցումներ: Որակյալ կրթություն» մեթոդական ուղեցույց-ձեռնարկում տրված են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու առավելագույն մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ:

«Ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում: Խաղեր և վարժություններ» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գործնական աշխատանքներ` խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկը մշակվել է՝ ընդառաջ գնալով նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման պահանջներին, որի շրջանակում այս տարվանից սկսած արդեն հանրապետության նախադպրոցական հաստատություններում իրականացվելու է համընդհանուր ներառական կրթություն:

«Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ուսուցիչներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը մշակվել է` հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակով պարտադրված հեռավար կրթության իրականացման անխուսափելիությունը: Ձեռնարկը նպատակ ունի հեռավար կրթության ժամանակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար հասանելի որակյալ կրթություն ապահովելու: Նույն նպատակին է ուղղված նաև «Ինչպես խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում: Խորհուրդներ ծնողներին» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը: Հեռավար կրթությանն առնչվող ձեռնարկները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

 ««Օգնենք օգնողներին». դասընթաց ուսուցիչների համար» ուղեցույցը մշակվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության կողմից ՀՄԿ-ի հետ համագործակցությամբ: Ձեռնարկում կարևորվում են պատերազմական և հետպատերազմական իրավիճակներից բխող հոգեբանական խնդիրները։

 «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման համար:

 «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ձեռնարկում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները` ուսուցիչ-ծնող-մասնագետ համագործակցության ուղղությունները, իրավունքներն ու պարտականությունները։

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը: Բանախոսները պատասխանել են նաև քննարկման մասնակիցների հարցերին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]