Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը և Բուդապեշտի էկումենիկ դպրոցը ստորագրեցին Համագործակցության հուշագիր

Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը և Բուդապեշտի էկումենիկ դպրոցը 
ստորագրեցին Համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցում տեղի ունեցավ Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 և Բուդապեշտի Պաննոնհալմի գլխավոր աբբայության Մարիարմետե Հիդեգկուտի հիմնական էկումենիկ դպրոցների միջև Համագործակցության հուշագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հայկական և հունգարական դպրոցների փոխգործակցության շնորհիվ հունգարացի դպրոցականները կիմանան այլատյացության հողի վրա հայ սպա Գուրգեն Մարգարյանի դեմ կատարված ոճրագործության մանրամասները, ինչն իր հերթին կնպաստի այդպիսի հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: Հունգարական կողմը նման ոճրագործությունները ապագայում կանխելու նպատակով է ընտրել հենց Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի հետ համագործակցությունը:

Հայ և հունգարացի ժողովուրդների միջև կապերը խորացնելու նպատակով Հունգարիայից Հայաստան էր ժամանել պատվիրակություն:

Հունգարական կողմը նախաձեռնել էր Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի և Բուդապեշտի դպրոցի միջև համագործակցության գործընթաց, որի շրջանակում էլ տեղի ունեցավ հուշագրի ստորագրումը: Համագործակցության հուշագիրը հայկական դպրոցի տնօրենի հետ միասին ստորագրեցին Բուդապեշտի Պաննոնհալմի գլխավոր աբբայության Մարիարմետե Հիդեգկուտի հիմնական էկումենիկ դպրոցի տնօրեն Չերե Իշտվանը և Պաննոնհալմի գլխավոր աբբայության կրթական գծով տնօրեն Հարդի Տիտուսը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ռազմավարական վերլուծության և արտաքին կապերի վարչության պետ Բերթալան Կիշշը և Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար դոկտոր Բալինթ Կովաչը, որոնք Երևան էին ժամանել հունգարական պատվիրակության կազմում, հայկական կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, ՀՀ արտգործնախարարի հատուկ խորհրդական, դեսպան Աշոտ Սմբատյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հուշագրի ստորագրումից հետո Բուդապեշտի դպրոցի տնօրեն Չերե Իշտվանը իր խոսքում շեշտեց, որ 2004 թվականին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հրեշավոր սպանությունը շարունակում է հունգարական հասարակության համար մնալ շատ ցավալի, ծանր և անընդունելի իրադարձություն:

«Գուրգեն Մարգարյանի հիշատակը Հունգարիայում վառ պահելու և նման ոճրագործությունները ապագայում կանխելու նպատակով ընտրվել է հենց իր անվան դպրոցի հետ համագործակցությունը, և այդ իմաստով մեր շատ հին՝ գրեթե 1000 տարեկան դպրոցի և Գուրգեն Մարգարյանի անվան երիտասարդ դպրոցի միջև հուշագրի ստորագրումը շատ խորհրդանշական է», - ասաց Չերե Իշտվանը:

Հունգարական կողմը հույս ունի, որ դպրոցական այս համագործակցությամբ կկարողանան ամուր հիմք ստեղծել երկու պետությունների և ժողովուրդների ապագա հարաբերությունների համար՝ հայ և հունգարացի ժողովուրդների միջև արդեն իսկ առկա պատմական հարուստ կապերի հիման վրա, և հայկական ու հունգարական դպրոցների փոխգործակցությունը օգտակար կլինի հայ-հունգարական կապերի խորացմանն ու ավելի ընդլայնմանը:

Մայր Աթոռի ներկայացուցչի՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ ինչ-որ առումով սա նաև հաշտության քայլ է:

«Հաշտությունը ամենակարևորն է: Ասում եմ որպես քրիստոնյա հոգևորական, քանի որ Տիրոջ կողմից մեզ իշխանություն է տրվել մարդու և Աստծո միջև հաշտություն բերել: Երբ խոստովանության զղջման են գալիս մեզ մոտ՝ աղոթքի վերջում ասում են. «Հա՛յր Սուրբ, քեզ ունեմ միջնորդ հաշտության»: Ահավասիկ այս զգացումն է հիմա ինձ մոտ, և ուրախ եմ և չեմ ուզում ինչ-որ ձևով թաքցնել, որ այսօր մեզ համար նաև հաշտության օր է», - իր խոսքում նշեց սրբազան հայրը:

Հայկական ու հունգարական կրթօջախների միջև համագործակցությունը հնարավորություն կստեղծի հունգարացի դպրոցականներին ներկայացնել այլատյացության հողի վրա Գուրգեն Մարգարյանի դեմ կատարված ոճրագործության մանրամասները և այդօրինակ հանցագործությունների անթույլատրելիությունը և կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:

Փոխգործակցության շրջանակներում նաև կկազմակերպվեն գործընկեր դպրոցների միջև մանկավարժների և աշակերտների փոխայցելություններ, ճանաչողական փոխայցեր, կանցկացվեն համատեղ կրթամշակութային միջոցառումներ՝ երկու երկրների պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 18 տարի առաջ՝ 2004 թ. փետրվարի 19-ին: 2004 թ. փետրվարին հայազգի սպան մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Դասընթացին Ադրբեջանը ներկայացնում էր հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել էր քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Ոճրագործին Ադրբեջանում ներում շնորհելու և նրան պետական մակարդակով հերոսացնելու որոշումը խստորեն դատապարտվեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am