Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Փաշինյանը խոստացավ ջանք չխնայել հայ-ֆրանսիական ծրագրերի արդյունավետ իրականացման համար

Փաշինյանը խոստացավ ջանք չխնայել հայ-ֆրանսիական ծրագրերի արդյունավետ 
իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումները, մասնագետների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Նա կարծիք հայտնեց Փարիզում կազմակերպված համաժողովի եզրափակիչ ելույթում:

Նա ընդգծեց, որ մեծ պատիվ է Փարիզում եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովը:

Վարչապետն անդրադարձավ տարբեր, մասնավորապես կրթական, առողջապահական ոլորտներում հայ-ֆրանսիական հաջող համագործակցությանը:

«Շնորհակալ ենք Ֆրանսիային Հայաստանի հաջողությունները կիսելու համար: Նորարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ և Հայաստանի համար ոգևորիչ էր Փարիզում և վերջերս Լիոնում բացված ԹՈՒՄՈ կենտրոնները: Առողջապահության ոլորտում արդեն առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի,  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան՝ հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Միջազգային կառույցների շրջանակում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018 թվականին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայում առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը՝ այդ թվում ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր:

«Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ունենալով ֆրանսիական կապիտալով ներկայացվածության հաջող օրինակներ, 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 5-ամյա ճանապարհային քարտեզը լայն հնարավորություն է ընձեռում և հանդիսանում կարևոր հիմք՝ ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների  ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:  

«Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը: Ուստի թույլ տվեք կարծիք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները հայ և ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանն ու նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության  անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ թեպետ այս տարի նշում ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն դա միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների և հարաբերությունների հարուստ խճանկարի. սկսած միջնադարից հայ-ֆրանսիական շփումները եղել են բազմաշերտ:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության և հարատև եղբայրության առհավատչյան»,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am