Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա 
աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց  «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված մայրաքաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակը Երևանի պատմամշակութային ժառանգությանը առանձին անդրադառնալն է: Այստեղ ներառվել են Երևանի պատմությանն առնչվող բոլոր փուլերը ՝ վաղագույն փուլը, միջնադարը, նախախորհրդային և միջխորհրդային շրջանները:

«Փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները դեռևս լավ կամ մանրամասն ծանոթ չեն քաղաքի պատմությանը, և սա լավ առիթ է՝ մեկ անգամ ևս անդրադառնալու մեր սիրելի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությանը: Ոլորտում խնդիրները շատ են, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մեր համաքաղաքացիները ճանաչեն մեր պատմամշակութային ժառանգությունը: Առաջին հերթին խնդիրները բխում են այդ մշակութային շերտերը չճանաչելուց: Մենք հաճախ, իսկապես, շատ անբարեխիղճ ենք գտնվում մեր հուշարձանների նկատմամբ և հետո պահանջում ենք, որ այդ հուշարձանները պահպանվեն»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:

Անդրադառնալով պատմամշակութային շենքերի քանդմանն առնչվող հարցերին՝ նա  նկատեց, որ կան հատուկ մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ քննվում են  բոլոր նեղ մասնագիտական հարցերը:

«Մեր  կազմակերպությունը ևս ներգրավված  է նման մասնագիտական խորհրդում և փորձում ենք  անել հնարավորինս պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերը պահպանելու ուղղությամբ»,- ասաց նա:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը շեշտեց՝ միջոցառման կարևորությունը նրանում է, որ Հայաստանի համար պատմամշակութային ժառանգությունն ունի այն նույն նշանակությունն, ինչ այլ երկրներ համար՝ նավթը, գազը և ոսկին:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս հանրահռչակվի և իր հետ բերի նաև զբոսաշրջային ներդրումային գրավչություն, որը նաև կառավարության ռազմավարության ծրագրերից մեկն է: Նշեմ, որ պատմության և մշակույթի հուշարձանների և պատմական միջավայրի մասին օրենքի փոփոխության նախագիծ կա, որը ԿԳՄՍ նախարարությունը մշակել և ներկայացրել է կառավարություն, որն իր մեջ ներառում է մի շարք կարևոր բարեփոխումներ»,- եզրափակեց Հարություն Վանյանը:

Աշխատաժողովի նպատակն է գույքագրել Երևանի պատմամշակութային ժառանգությունը  և առաջիկայում ավելի համալիր և ընդգրկուն միջազգային գիտաժողով անցկացնել:

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]