Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց լրագրողներին. նրանց թվում է «Արմենպրես»-ի թղթակիցը

Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց լրագրողներին. նրանց թվում է 
«Արմենպրես»-ի թղթակիցը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ապրիլի 15-ին պատվոգրեր հանձնեց այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք 2021 թվականին պատշաճ լուսաբանել են միության նախաձեռնած միջոցառումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվոգրեր տրվեցին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Անժելա Համբարձումյանին, «Հանրային հեռուստաընկերության» լրագրող Նունե Ալեքսանյանին, «Ազատության» թղթակից Գայանե Դանիելյանին, «Առավոտ» օրաթերթի լրագրող, գրող Վովա Արզումանյանին, «Իրավունք» թերթի մշակութային բաժնի պատասխանատու, լրագրող Նունե Զաքարյանին, «Գրական թերթ»-ի լրագրող  Շաքե Երիցյանին, լրագրող, գրող Հովհաննես Ավդարյանին: Պատվոգրեր տրվեցին «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը, «Զինուժ մեդիա»-ին և «Հանրային ռադիո»-ին:

Միլիտոնյանն ընդգծեց, որ միությունը տարվա ընթացքում հետաքրքիր միջոցառումներ է անցկացրել՝ նշելով «Գիրք նվիրելու օրը», «Պոեզիայի միջազգային օրը»: Վերջերս հուշագիր են ստորագրել Բրյուսովի անվան համալսարանի հետ, ըստ որի՝ համագործակցելու են թարգմանական խմբերի ուսանողների հետ:

«Տոնել ենք Չարենցի 125-ամյակը և Չարենցին նվիրված գիրք ենք պատրաստում լույս ընծայել: Գրքում  կլինեն բանաստեղծություններ, պատմվածքներ ու խոհագրություն»,-նշեց միության նախագահն ու հավելեց՝ նախատեսում են Չարենցին նվիրված միջոցառում կազմակերպել նաև Ծաղկաձորում:

Միությունը կնշի Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը:

«Նա մեր գրականության, ինքնության այն մեծերից է, որն արժանի է ամենայն մեծարանքի: Նրա «Քաջ Նազարը» համաշխարհային կատակերգական ժանրի լավագույն գործերից է: Մեր ժողովուրդը պետք է կարդա Դերենիկ Դեմիրճյանի նաև էսսեները, պատմվածքներն ու ճանաչի ինքն իրեն»,- նշեց Միլիտոնյանը:

Նա պատմեց՝ մինչև 27 տարեկան ստեղծագործողների համար մի քանի մրցանակաբաշխություն են անցկացնում, իսկ այս տարի ավելացել է ևս մեկը: ՀԲԸՄ-ի հետ համատեղ անցկացնելու են մինչև 27 տարեկան ստեղծագործողների բանաստեղծության, արձակի և մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխություն: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին Ծաղկաձորում:

«Մենք և աշխարհը» շարքի շրջանակում գրքերով անդրադառնալու են Վրաստանին և ռուս պատմությանն ու գրականությանը:

Խոսելով «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի մասին՝ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այն իրականացվում է երկար տարիներ: Անցկացվել է խորհրդային տարիներին, իսկ հետո վերականգնվել է:

«Մանկապատանեկան գրականությունը կինոյի, թատրոնի, կերպարվեստի հիմքն է: Եթե գրականությունը չի հրատարակվում,  այդ ոլորտները ևս տուժում են: Ես չեմ հիշում, որ վերջին 30 տարում Հայաստանում մանկապատանեկան թեմայով կինո նկարահանված լինի, այնինչ դրա կարիքը կա: Պետք է մանկապատանեկան լավ գրքեր, ամսագրեր լինեն, դպրոցն արտադասարանական ընթերցանության պետք է մղի երեխաներին, կանոնակարգի գրքերը և այլն»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանն ու ընդգծեց, որ  2021-ին քննարկում են կազմակերպել թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հայ հեղինակների՝ մոտ 15 մանկապատանեկան պիես  շրջանառվում է բեմադրման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am