Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հայկական «Փոդքասթլ» ստարտափը հավակնում է «Ինտերնետի Օսկար»-ին

Հայկական «Փոդքասթլ» ստարտափը հավակնում է «Ինտերնետի Օսկար»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Փոդքասթլ» ընկերությունը հեղինակավոր Webby Awards մրցանակաբաշխությանը առաջադրվել է միանգամից երեք անվանակարգում: Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում դա համարվում է «Ինտերնետի Օսկար»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության գործառնական տնօրեն Արսեն Համբարձումյանը նշեց, որ իրենք մրցում են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են համաշխարհային գիգանտներ Adobe-ը և Canva-ն:

1,5 տարի առաջ հիմնադրված «Փոդքասթլ»-ն արդեն ունի 200 հազար օգտատեր Հայաստանում և ամբողջ աշխարհում: «Փոդքասթլ»-ը ստեղծողներին օգնում է ոչ միայն մաքուր ձայնագրում անել, այլև առանց հավելյալ ծրագրերի կատարել մոնտաժի գործընթացը: Համակարգը նաև կարող է տեքստից ձայն ստանալ՝ դեռ միայն անգլերեն տարբերակով:

«Տեսանք, որ մարդիկ խնդիր ունեն փոդքասթի հաղորդավար դառնալու։ Ինչ պետք է անեին․ պետք է գնեին բավականին թանկարժեք խոսափողներ, պետք է աուդիոխմբագրման դասընթացներ անցնեին, պետք է ունենային հարթակ ստացվածը ներբեռնելու համար ու վերջում այն հեռարձակելու տեղ գտնեին։ Դա երկար շրջափուլ է, որից մարդիկ խուսափում են։ Իսկ մենք ունենք հարթակ, որը ներբեռնելու կարիք չունի։ Ընդամենը հարկավոր է գրանցվել մեր վեբ հարթակում ու, մեր կողմից կիրառվող մեքենայական ուսուցման գործիքներն ուսումնասիրելով, հեշտությամբ ստանալ այն ինչ ուզում են»,- նշեց Համբարձումյանը։ 

Օգտատերերը հարթակում անվճար ռեժիմով կարող են օգտվել գործիքներից, սակայն որոշ սահմանափակումներով։ Ամսական 12 դոլար վճարելու դեպքում հարթակն իր գործիքները կտրամադրի անսահմանափակ։ 

Համբարձումյանը պատմեց, որ սկզբում թիմում 4 հոգի են եղել, այժմ թիմում 40 աշխատակից կա։ Նրա խոսքով՝ դրան մեծապես նպաստել են իրենց ստացած ներդրումները։

«Առաջին ներդրումը ստացել ենք 2020 թվականին։ Այդ իրավիճակում ներդրում ներգրավելը բարդ էր: Ներդրողները համացանցում փնտրում էին «Հայաստան», տեսնում էին, որ մեզ մոտ  պատերազմ է ու որոշում էին ներդրումներ չանել: Այնուամենայնիվ, թեև դժվարությամբ, բայց կարողացանք 2 մլն դոլար ներդրում ներգրավել, ինչը մեզ օգնեց մեծացնել թիմը: Դրանից հետո ունեցանք երկրորդ ներդրումը ՝ 7 մլն դոլարի չափով»,- առանձնացրեց Համբարձումյանը:

«Փոդքասթլ» ընկերության հիմնադիր Արտավազ Երիցյանն էլ պատմեց, որ Krisp ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանի, Krisp-ի համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանի հետ ստեղծել են BigStory VC վենչուրային հիմնադրամը՝ հասկանալով, որ ճիշտ կազմակերպման դեպքում իրենց փորձն ու աջակցությունը կարող է առավել օգտակար լինել ստարտափներին:

Վերջինիս խոսքով՝ Հիմնադրամի հիմնական նպատակն է օգնել շատ պրակտիկ ստարտափներին, ընդ որում՝ ոչ միայն գումարով, այլև ձեռք բերված գիտելիքներով: Որոշել են, որ շատ ներդրումներ չեն անելու ու ներդրելու են այն ստարտափների մեջ, որոնց, ըստ իրենց, կկարողանան առավել արդյունավետ աջակցություն ցույց տալ թե՛ իրենց կապերով, թե՛ ինչ-որ ռեսուրսներով: 

«Հիմնադրամի ընդհանուր ֆոնդը 10 միլիոն դոլլար է, որը նախաստեսում ենք 25 հայկական ստարտափների մեջ ներդնել։ Արդեն երկու ստարտափի մեջ ներդրում ենք կատարել։ Ներդրում անելուց կարևորում ենք, որ տվյալ ընկերության սպառողական շուկան լինի համաշխարհային, ունենան մեծ նկրտումներ, հիմնադիրները փորձ ունենան ու հասկանան, թե ինչ են անում։ Կարևորում ենք նաև արտադրանքը և ակնկալում, որ այն պետք է յուրահատուկ լինի»,- նշեց Երիցյանը։ 

Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Webby Awards-ում «Փոդքասթլ»-ը ներկայացված է «Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ», «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն» ու «Լավագույն ինտերֆեյս (արտաքին դիզայն)» անվանակարգերում: 14 հազար ընկերությունից լավագույնները կընտրվեն երկու փուլով`առաջինում կքվեարկեն համացանցի օգտատերերը, երկրորդում՝ 2000 մասնագետից կազմված ժյուրին:

«Պատկերացրեք հայ որևէ դերասան Օսկար ստանար։ «Ինտերնետի Օսկարի» դեպքում տրամաբանությունը նույնն է։ Մեր փոքրիկ երկրին հսկա ճանաչելիություն կբերենք։ Մեր կայքում և «Ֆեյսբուք»-ի  էջում մենք լինքերը տեղադրել ենք. մարդիկ կարող են մտնել 15-20 վայրկյանում գրանցվել Webby-ի կայքում, այնտեղ կարող են գտնել հենց մեր անունը ու քվեարկել»,- ասաց նա։ 

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն շաբաթներ անց:

Կարինե Տերտերյան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]