Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրեց ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում

«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրեց ժողովրդագրական 
խնդիրների լուծմանն ուղղված ֆորում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Ստեփանակերտում անցկացրեց իր առաջին ֆորումը, որը նվիրված էր Արցախում բնակչության աճի խթանմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, այս միջոցառմամբ «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը ազդարարում է հանրային քննարկումների գործընթացի մեկնարկը՝ նպատակ ունենալով մշակելու 2021 թվականի հայտարարված 15-նպատակների հայեցակարգային իրականացման շրջանակ: 

Այդ նպատակները կոչված են հավաքական պատասխանատվության հավաքական դիտարկումների և հավաքական գործողությունների միջոցով ծառայելու Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացմանը: Ֆորումի ժամանակ «Ապագա Հայկականի» արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան 60 նախաձեռնողներ քննարկել են Արցախի ժողովրդագրական խնդիրները, արտահայտել իրենց տեսակետներն առկա մարտահրավերների վերաբերյալ և ուրվագծել երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ։

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի խոսքով՝ այս ֆորումի անցկացմամբ սկսում են «Ապագա Հայկականի» նոր փուլը, որով տրվում է հանրային լայն քննարկումների մեկնարկը։

«Քննարկումների նպատակն է ունենալ համահայկական ըմբռնում, ծրագրավորում բոլոր նպատակների և դրանց հասնելու քայլերի շուրջ, որոնք նպաստելու են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և սփյուռքում հայության կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս բոլոր քայլերը արվելու են ի շարունակումն այս քննարկումների։ Այս քննարկումները տալիս են այն շրջանակը, որի շուրջ տեղի է ունենալու հետագայում ծրագրային մշակումը։ Փորձելու ենք հնարավորինս լայն շրջանակ ներգրավել՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, որոնք համատեղ ջանքերով կարողանալու են ապահովել այդ նախաձեռնությունների իրականացումը։ Շատ կարևոր է մեր մշակույթի մեջ այդ համընդհանուր նպատակների ուրվագծումը։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր փորձ է, նույնիսկ արդեն քննարկումների փաստը որոշակի նոր մշակույթ է բերելու քննարկումների արդյունքում ձևավորվելիք կոնսենսուսային մոտեցումների ճշգրտման, հասարակության մեջ առկա բևեռացման հաղթահարման և նաև քաղաքացու ակտիվացման համար»,- ընդգծեց Ապիտոնյանը։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ողջունեց այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար։

«Շնորհակալ եմ «Ապագա Հայկականը» նախաձեռնությանը և հիմնադիրներին՝ Արցախից այսպիսի մեկնարկ տալու համար, քանի որ բոլորս էլ ընկալում ենք, որ շատ ու շատ խնդիրների լուծումներ կարող են տրվել Արցախից կամ Արցախի շուրջ, և այս առումով առաջիկայում պատրաստվում եմ ավելի մանրամասն հոդվածով ներկայացնել իմ պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ, բայց դա ձևակերպում եմ հակիրճ՝ Արցախի բացառիկությունը հայության համար։ Եվ այդ բացառիկությունը իր յուրահատուկ հիմքերը ունի և պատմության մեջ և նաև ներկայում և ապագայում կարող է ունենալ։ Ու Արցախի ապագայի հիմնական ուղղությունները, հենասյունները, իմ պատկերացմամբ, 7 հիմնական ուղղություններ են։ Դրանք են՝ կայուն անվտանգությունը, աճող ժողովրդագրությունը, զարգացող տնտեսությունը, որակյալ կրթությունը, արդյունավետ կառավարումը, ազգային գաղափարախոսությունը կամ արժեհամակարգը և պրագմատիկ միջազգային հարաբերությունները։ Իմ պատկերացմամբ՝ սրանք առնչվում են նաև Հայաստանի Հանրապետության ապագային, և այստեղ ժողովրդագրությունը երկարաժամկետ ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ընդգծեց Բեգլարյանը։

Ըստ Արցախի պետնախարարի՝ այս առումով պատերազմից հետո որոշակի լուծումներ Արցախի կառավարության կողմից տրվել են, բայց դրանք եղել են կարճաժամկետ, ավելի շատ օպերատիվ խնդիրներ լուծելուն միտված։

«Հիմա արդեն վերջին ամիսներին սկսել ենք որոշակի աշխատանքներ ժողովրդագրության և ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ։ Եվ կարող եմ ասել, որ այս ֆորումը հենց ճիշտ ժամանակին էր և հենց ճիշտ ձևաչափով է, որպեսզի լրացուցիչ ներգրավվածություն ունենանք բոլոր կարող ուժերի, բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց ու փորձենք համատեղ այդ ռազմավարությունը մշակել ու իրականացնել։ Եվ այստեղ ներառականությունը, պրոֆեսիոնալիզմը կարևոր չափանիշներից են, որոնք պետք է մեր ռազմավարության հիմքում դնենք։ Եվ շատ ուրախ կլինենք այս ֆորումի բոլոր արդյունքները համատեղ ամփոփել, հասկանալ, թե ինչ խորհուրդներ և ինչ առաջարկներ, ինչ լուծումներ են տրվում այս ֆորումի բոլոր մասնակիցների կողմից, քանի որ երկու հիմնական չափում կա ժողովրդագրության մեջ, մեկը՝ ավելի շատ հաստատուն տվյալներն են և երկրորդը՝ ընկալումներն են, որոնք պակաս կարևոր չեն հաստատուն տվյալների համեմատ, քանի որ մարդկանց վարքը, ժողովրդի վարքը ձևավորվում է ընկալումների հիման վրա։ Շատ կարևոր է գաղափարախոսական արժեհամակարգային ընկալումների վրա ձևավորվել երկարաժամկետ ժողովրդագրության ռազմավարությունը։ Այս տեսանկյունից, իմ պատկերացմամբ, չորս հիմնական ուղղություններ են ժողովրդագրության մեջ՝ անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական և գաղափարախոսական կամ արժեհամակարգային ուղղություններ։ Բոլոր չորսն էլ ընկալումների հետ առնչվում են։ Այնպես որ, իմ պատկերացմամբ, և մեծ հույս ունեմ, որ այս ֆորումի արդյունքները շատ լուրջ ներդրում են լինելու մեր երկարաժամկետ ռազմավարության մշակման իրագործման մեջ, և շատ ուրախ և շնորհակալ կլինեմ, եթե բոլորդ հետագայում էլ ձեր մասնակցությունը ունենաք այդ առումով»,- եզրափակեց Բեգլարյանը։

Ֆորումի մասնակից Լուսինե Պետրոսյանի խոսքով, որ առաջին անգամ է մասնակցում «Ապագա Հայկականի» նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումին և բավականին դրական է տրամադրված. «Դեռ անցած տարի Երևանում մասնակցեցի նախաձեռնության համահինադիր Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը։ Ծանոթանալով 15 նպատակներին՝ ես էլ որոշեցի դառնալ թիմի անդամ։ Առաջին անգամ եմ մասնակցում բնակչության աճի թեմայով քննարկմանը։ Ըստ իս, բնակչության աճին զուգահեռ նաև պետք է ուշադրություն դարձնել կրթության վրա։

Շատ դեպքերի եմ ականատես լինում, երբ մարդիկ նպաստներ ստանալու համար ցանկանում եմ անընդհատ երեխաներ ունենալ, բայց դրա հետևանքով ծնվում են հիվանդ երեխաներ։ Գումարը չպետք է լինի մոտիվացիա, այլ պետք է շեշտը դրվի կրթության վրա։ Նորաթուխ մայրիկներին գիտելիքներ է պետք տալ ծնելիության հետ կապված, երեխայի խնամքի և այլն»,- ասաց Պետրոսյանը։

Ֆորումն անցկացվել է «Քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։  «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը վստահ է, որ սա ամենաարդյունավետ մոդելներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության համար` դյուրացնելով այդ գործընթացը:

Քննարկման պաշտոնական բացման և փակման արարողությանը մասնակցել են Արցախի պետական այրեր, «Ապագա Հայկականը» հիմնադրամի հիմնադիրները և նախաձեռնողները:

2022 թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովը, որն իր շուրջ համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և Սփյուռքում։

«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը ֆինանսավորվում է «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի կողմից, որի նախաձեռնողներն են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Արամ Բեկչյանը, Դավիթ Թավադյանը, Ռուբեն Վարդանյանը: Հիմնադրամի նպատակն է մշակել և իրականացնել առաջիկա 20 տարիների համար Հայաստանի զարգացման տեսլականի ծրագրեր։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]