Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Podcast-Հարց բժշկին. Դ վիտամինի պակասն օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների հանգեցնել. մասնագետ

Podcast-Հարց բժշկին. Դ վիտամինի պակասն օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների 
հանգեցնել. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիտամին Դ-ի պակասը լուրջ խնդիր է, այն արտահայտվում է սննդից ստացված ֆոսֆորի և կալցիումի՝ օրգանիզմի կողմից յուրացման խախտմամբ: Այս տարրերն անհրաժեշտ են առողջ ոսկրային համակարգի ձևավորման, հորմոնալ կարգավորման, իմունային և նյարդային համակարգերի օպտիմալ աշխատանքի, ինչպես նաև բորբոքային տարբեր պրոցեսներից պաշտպանվելու համար:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանի հետ զրուցել ենք Դ վիտամինի կարևորության, ճիշտ օգտագործման և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ: 

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջանում Դ վիտամինի պակասից, մասնագետը պատասխանեց, որ նախ պետք է պարբերաբար ստուգվել և թույլ չտալ, որ օրգանիզմում առաջանա դեֆիցիտ: Նրա կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ Դ վիտամինի պակաս նկատվում է բնակչության 75%-ի մոտ: Երեխաների մոտ այս վիտամինի պակասը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքի խախտման:

«Ամենամտահոգիչը երեխաների մոտ արտահայտվող Դ վիտամինի պակասի  հետ կապված փոփոխություններն են, որոնք բերում են կալցիումի դեֆիցիտի, ինչի հետևանքով ոսկորները լինում են շատ փափուկ, ծռվում են՝  առաջացնելով ռախիտ, կորացած ոտքեր և մի շարք այլ խնդիրներ: Սա Դ վիտամինի ակնհայտ դրսևորումն է, որի ժամանակ մենք առաջացած խնդիրները տեսնում ենք, մնացած դեպքերում մենք դրանք չենք տեսնում, բայց ունենում ենք տարբեր գանգատներ, օրինակ՝ թուլություն, մազաթափություն, երբեմն այտուցներ, մաշկի չորություն, անգամ գույնի փոփոխություն, եղունգների փխրունություն, կարող է լինել ընդհանուր անքնություն կամ հակառակը՝ քնկոտություն և այլն: Սրանք, կարելի է ասել, ընդհանուր գանգատներ են, որոնք  տարբեր փուլերում մենք կարող ենք ունենալ և շատ հաճախ այդ գանգատները կախված են լինում Դ վիտամինի դեֆիցիտից»,-ասաց բժիշկը:

Մասնագետը կարևորեց այն, որ երեխաներին անհրաժեշտ է ամռանը հնարավորինս շատ պահել դրսում, տանել քաղաքից դուրս, որ նրանք շատ լինեն արևի տակ, այս դեպքում երեխաները ստանում են բավարար քանակության Դ վիտամին, որը նպաստում է երեխայի օրգանիզմի ակտիվ աճին: Եվ եթե կարողանում են ապահովել դրսում՝ արևի տակ գտնվելու մեկ-երկու ժամը, այդ դեպքում բավարար է լինում և ամռանը պարտադիր չէ, որ երեխաները ստանան հավելյալ Դ վիտամին՝ հաբերի տեսքով:

«Սակայն հատկապես դեռահաս տարիքի երեխաները, ովքեր գրեթե տանից դուրս չեն գալիս և մեծ մասամբ գտնվում են փակ տարածքում, բնականաբար, Դ վիտամին չեն ստանում, և էլի ստիպված պետք է բացը լրացնենք հավելյալ վիտամին  ստանալով»,- ասաց նա:

Բժիշկը նշեց, որ գոյություն ունեն պրոֆիլակտիկ դոզաներ՝ վիտամին D-ի, որոնք մենք կարող ենք օգտագործել առանց վախենալու, որ կունենանք գերդոզավորում: Մինչև 8-9 տարեկան երեխաների համար դա 1 000 միավորն է, մինչև 16 տարեկանների համար 2 000 միավորն է և մեծահասակների համար 3 000-4 000 միավորը:

 «Սրանք ոչ թե բուժիչ, այլ պրոֆիլակտիկ դեղաչափերն են, որոնք մենք կարող ենք կիրառել միշտ առանց բժշկի նշանակման: Բայց, եթե կան գանգատներ, պետք է անպայման դիմել բժշկի, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և նոր ստանալ համապատասխան դոզան»,- ասաց բժիշկ Համբարձումյանը:

Դ վիտամին օգտագործելու հաճախականության մասին մասնագետը նշեց, որ  մեծահասակները և երեխաները հենց սկսում են հագնել ավելի փակ հագուստ և քիչ գտնվել արևի տակ, պետք է անպայման սկսեն օգտագործել Դ վիտամին:

 Բժշկի ցուցումով երկար ժամանակ առավոտյան վիտամին Դ1 000 օգտագործելը արդյոք կարո՞ղ էր նպաստել նրան, որ անձը կամ չհիվանդանար COVID-19-ով, կամ, հիվանդանալու դեպքում, այն տաներ ասիմպտոմ: Ի՞նչ հետևանքներ է առաջանում Դ վիտամինի պակասից: Այն կարող է առաջացնել մազաթափություն, քրտնարտադրություն և մի շարք այլ խնդիրներ: Արդյոք պե՞տք է Դ վիտամին ընդունել միայն առավոտյան մինչև ժամը 12-ը:

Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]