Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն, մայիս, 2022

«Երևանյան բեսթսելեր». Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն, մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ  ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքն առաջին տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն՝ շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք. վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր սիրած մարդուց հեռանալու որոշման: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրն, իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն երկրորդ տեղում է։ «Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը: Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին:

Արփի Վանյանի «Կինը» երրորդ հորիզոնականում է։ Այն պարզապես մի կնոջ պատմություն չէ։ Հազարավոր կանանց հավաքական կերպարն է ներկայացնում գլխավոր հերոսուհին՝ Իվը, ով ապրում էր չսիրված, չհասկացված, միապաղաղ կյանքով, որովհետև տարիներ առաջ մոռացել էր իր երազանքի և առաքելության մասին։ Սակայն, մի օր ամեն բան միանգամից փոխվում է։ Կյանքը նրան առնում է իր հորձանուտների մեջ և սկսում պատեպատ զարկել։

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» չորրորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Հինգերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» ութերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը իններորդ տեղում է։ «Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Գոհար Նավասարդյան

«‎Սիրելուց հետո»

հեղ․հրատ 31
2 նոր

Եղիշե Չարենց

«Գիրք ճանապարհի»

Անտարես 26
3 -2

Արփի Վանյան

«Կինը»

հեղ․հրատ 23
4 *

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

Բուկինիստ 18
5 +4

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 18
6 -1

Գոհար Նավասարդյան

«Հուշացած ակնթարթներ»

հեղ․հրատ 18
7 -1

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 16
8 -4

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»

Բուկինիստ 15
9 -6

Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը»

Էդիթ Պրինտ 13
10 *

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 12

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]