Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արտգործնախարար Միրզոյանի այցը Հնդկաստան շատ բարեհաջող էր. դեսպան Դեվալը՝ «Արմենպրես»-ին

Արտգործնախարար Միրզոյանի այցը Հնդկաստան շատ բարեհաջող էր. դեսպան Դեվալը՝ 
«Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերջին 30 տարում էապես բարելավվել են, իսկ վերջին երեք տարվա ընթացքում ահռելի աճ է գրանցվել հայ-հնդկական հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի առիթով «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը:

Հնդկաստանի դեսպանը շատ դրական է գնահատում այն փաստը, որ բարեկամ երկու երկրները վերջին շրջանում ակտիվորեն փոխանակվում են քաղաքական բարձր մակարդակի այցերով:

Կիշան Դան Դեվալը այս համատեքստում հիշատակել է ինչպես Հայաստանի արտգործնախարարի այցը Հնդկաստան, այնպես էլ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի պաշտոնական այցը Հայաստան 2021 թ. հոկտեմբերին, որն իր խոսքով՝ պատմական իրադարձություն էր հայ-հնդկական հարաբերություններում, քանի որ դա Հնդկաստանի արտգործնախարարի՝ երբևէ Հայաստան կատարած առաջին այցն էր:

«Մեր արտաքին գործերի նախարարի այցը 2021 թ. հոկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն էր Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ուստի սա ինքնին շատ խոսուն փաստ է: Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, որ դրանից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցավ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան», - ասել է Հնդկաստանի դեսպանը:

Դեսպան Դեվալի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ապրիլի վերջին տեղի ունեցած աշխատանքային այցը Հնդկաստան շատ բարեհաջող էր: Ի դեպ, սա էլ Հայաստանի արտգործնախարարի առաջին այցն էր Հնդկաստան 12 տարվա ընդմիջումից հետո:

Ըստ դեսպանի՝ նախարար Միրզոյանը շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում արտգործնախարար Ջայշանկարի, վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի, գործարար շրջանակների հետ, մասնակցել է «Ռաիսինայի» ռազմավարական երկխոսությանը և այցելել պատմամշակութային նշանավոր կենտրոններ, մասնավորապես՝ Ագրա քաղաք, որտեղ գտնվում է Թաջ Մահալի հռչակավոր դամբարանը, և Ակշարդհամի տաճարը Դելիում:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունեցել 2021 թ. հոկտեմբերի 12-13-ը: Այցի ընթացքում Հնդկաստանի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարությամբ: Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը նաև ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Հնդկաստանում էր 2022 թ. ապրիլի 25-28-ը: Նախկինում Հնդկաստան էին այցելել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (2000 թ. դեկտեմբերին) և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը (2010 թ. նոյեմբերին):

Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին համապատասխան արձանագրության ստորագրմամբ: Կիշան Դան Դեվալը ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 13-ին: 2021 թ. հուլիսի 6-ից Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Յուրի Բաբախանյանն է:

 

Հնդկաստանի դեսպան Կ. Դ. Դեվալի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի առաջիկայում:

 

 

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am