Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Միրզոյանը բուլղարացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Միրզոյանը բուլղարացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության 
շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախարար Միրզոյանը և Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների  միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև  հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն` այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը  մտքեր են փոխանակել  նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող հարուստ իրավապայմանագրային հենք: 

Նախարար Միրզոյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների զարգացումները։ Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր համապարփակ լուծումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ 

ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am