Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Podcast-Հարց բժշկին. Կեսարյան հատումը կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը. մասնագետ

Podcast-Հարց բժշկին. Կեսարյան հատումը կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք 
չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հղիությունը հիվանդություն չէ, այն պետք է վայելել, իսկ կեսարյան հատումը կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի  բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանն՝ անդրադառնալով  կեսարյան հատումերին, այս եղանակով երեխա ունեցողների թվի ավելացմանը, դրական և բացասական հետևանքներին և այլ կարևոր հարցերի:

Մասնագետն ընդգծեց, որ յուրաքանչյուր վիրահատություն ունի իր պատմությունը: Կեսարյան հատում ցուցված է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է փրկել մոր կամ երեխայի կյանքը: Սակայն, ցավոք,  այսօր ոչ միայն Հայաստանում, այլև՝ մի շարք երկրներում, մտահոգիչ է այն փաստը, որ կեսարյան հատումը դարձել է այլընտրանք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ աշխարհում արդեն ամեն երրորդ կին ծննդալուծվում է կեսարյան հատմամբ:

«Իհարկե, մեր երկրում էլ թվերն ահագնացող են: Առողջապահության նախարարությունը, և մենք՝ բժիշկներս, արդեն անում ենք ամեն բան՝ պայքարելու այդ աճող թվերի դեմ: Այսօր կանայք փորձում են խուսափել ծննդաբերությունից, ու ես, գիտակցելով այս ահագնացող աճը , լինելով մեր երկրի՝ բավականին մեծ թվով մարդկանց սպասարկող բժիշկ, այդ պայքարի մեջ եմ,  և կարծես, թե ստացվում է »,-ասաց բժիշկ Ղուկասյանը:

Նա նշեց, որ շատ դեպքերում  իրենք չեն ցանկանում իրականացնել կեսարյան հատումներ, սակայն նեղ մասնագետների ցուցումով, բնականաբար, գնում են դրան՝ չվտանգելով ապագա մայրիկի առողջությունը, քանի որ բնական ճանապարհով ծննդաբերությունը կարող է էլ ավելի բարդացնել հղիի մոտ առկա  ուղեկցող  հիվանդությունը: Նման դեպքերն, իհարկե, ընդունելի են:

«Բնական ճանապարհով ծննդաբերությունն անփոխարինելի նվեր է կնոջ համար, և երբևիցե չենք կարող խոսել նրա բացասական ազդեցության մասին: Երբ կինը ունի նորմալ կառուցվածք, իսկ երեխան՝ ճիշտ անդամադասավորություն, ապա երեխան ադապտանում է՝ մինչև լույս աշխարհ գալը, տանում է իր կյանքի առաջին սթրեսն: Մասնագետները փաստում են, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի առողջ են լինում: Եվ եթե անգամ կնոջ մոտ վնասվածք լինի, ես վստահ կարող եմ ասել՝ այն չի կարելի համեմատվել կեսարյան հատման  հետևանքով առաջացած նույնիսկ ամենանուրբ  սպիի հետ: Չէ՞ որ բնական ծննդաբերությունից հետո կինն ընդամենը 15 րոպե անց լիարժեք մարդ է, լիարժեք մայր է իր երեխայի համար, իսկ  կեսարյան հատումներից առաջացած սպին ամբողջ կյանքում կինը կրում է իր վրա»,- ասաց Նորայր Ղուկասյանը:

 Մասնագետը շեշտեց, որ կեսարյան հատման պատճառով գոյություն ունի նաև հետծննդյան վերքի էնդոմետրիոզ, ինչպես նաև՝ վերքերի տարբեր բարդությունների դեֆորմացիաներ: Նույնիսկ էսթետիկ առումով հնարավոր է տարբերություն գտնել. կեսարյան հատումից հետո որովայնի առաջային պատի դեֆորմացիան, միանշանակ, անտանելի է:

Կեսայան հատման հետևանքով առաջացած մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]