Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն 
ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

ԵՐԵԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման նպատակով:

«Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու: Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը Արցախի Հանրապետության կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորել է այդ ձևաչափով հանդիպումը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղահանված ու փախստական անձանց հուզող հարցերը: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու լուծմանը:

Պետական լիազոր մարմինների և տեղահանված ու փախստական անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում նրանց զբաղվածության, սոցիալական ու բնակարանային հիմնախնդիրների, ներպետական ու միջազգային իրավական և մի շարք այլ հարցերի շուրջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]