Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Synergy-ն պատրաստ է ֆինանսավորել ստարտափներին. ընկերությունը նոր նախաձեռնությամբ հանդես կգա Orion Summit 2022-ին

Synergy-ն պատրաստ է ֆինանսավորել ստարտափներին. ընկերությունը նոր 
նախաձեռնությամբ հանդես կգա Orion Summit 2022-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Synergy ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը որպես խոսնակ հանդես կգա Երևանում հունիսի 22-ին կայանալիք Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ միջազգային և հայաստանյան մասնակիցներին ներկայացնելով Synergy-ի նոր մոտեցումները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունը հանդես կգա նոր նախաձեռնությամբ՝ հնարավորություն ընձեռելով նոր ստարտափներին միաձուլվել իրենց, կապահովի շահավետ համագործակցություն և պատրաստ կլինի ֆինանսավորել նրանց: Սա նոր մոտեցում է, որ ըստ Հովհաննիսյանի՝ ավելի կոգևորի սկսնակ ընկերություններին:

Գագաթնաժողովին ընկերության հիմնադիրը կմասնակցի «M&A որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և արագացման միջոց, որտեղ ավելի քան 2500 հայաստանյան ընկերություններ ամուր հիմք են ստեղծում շուկայի համախմբման համար» թեմայով պանելային քննարկմանը:

«Mergers and acquisitions (M&A) կարող ենք թարգմանել հետևյալ կերպ. միացում և գնում: Ո՞րն է նպատակը: Գիտենք, որ Հայաստանում բավականին զարգացած ստարտափների մի մեծ շարք է գործում տարբեր ուղղություններով: Ստարտափներից մի քանիսը հաջողում են, բայց ընդհանուր փորձը ցույց է տալիս, որ 5-10 տարում դրանց 15-20 տոկոսը վերանում է: Միայն լավ գաղափար ունենալն իմ համոզմամբ հաջողության 30 տոկոսից ոչ ավելին է: Պետք է կարողանալ գաղափարը շուկա հասցնել, հենց դրա համար ենք կարծում, որ մեր 25-ամյա փորձը նրանց համար ուսանելի կլինի»,- նշեց  Հովհաննիսյանը:

Վերջինս կարևորեց, որ ստարտափները ոչ միայն դրսի շուկան ուսումնասիրեն, այլև հայկական այնպիսի ընկերություններին, որոնք հնարավորություն ունեն նրանց գաղափարների աշխարհագրությունն ընդլայնել:

«Synergy-ն 80-ից ավելի երկրում է գործունեություն ծավալում: Մենք այն համոզմանն ենք, որ կկարողանանք օգնել ստարտափներին՝ մեզ հետ միաձուլվելով դուրս գալ միջազգային շուկա: Կարծում եմ՝ ժամանակն է Հայաստանում ավելի մեծ գործակցություններ սկսել, քան մինչև այսօր ենք ունեցել»,- ընդգծեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ պանելային քննարկումներին մասնակցում են բավականին լուրջ բիզնեսմեններ և ոլորտի գիտակներ: Չնայած երկար տարիների տեխնոլոգիական ոլորտում ու բիզնեսում իր փորձին՝ Հովհաննիսյանը հետաքրքրված է լսել մյուսների կարծիքը, մոտեցումը՝ ևս: Ակնկալում է, որ պանելային քննարկման ունկնդիրները կարող են սկսել մտածել այդ նոր ուղղության մասին, կսկսեն էլ ավելի ուշադիր նայել Հայաստանում գործող ընկերություններին և կփորձեն իրենց նպատակները, արտադրանքը հանել միջազգային շուկա: Նրա համոզմամբ՝ խոշոր ընկերություններին միաձուլվելը շահութաբեր կլինի և՛ տվյալ ստարտափի, և՛ ընկերության համար:

«Orion-ի նպատակն է զարգացնել մեր ՏՏ էկոհամակարգը: Կարծում եմ՝ նոր ստեղծված ընկերություններին նոր ուժ տալը, (մենք սիրում ենք ասել՝ թևեր տալ) և  հնարավորությունների ընդլայնումը էկոհամակարգը զարգացնելու ուղիներից է: Գիտենալով՝ ինչ պայծառ գաղափարներ կան հայկական ՏՏ համայնքում, որոնք շուկա մտնելով անհետանում են, ինչն ինձ համար մտահոգիչ է: Գաղափարը շուկա հասցնելու համար կարևոր է ունենալ ֆինանսներ մարկետինգի և բիզնեսի կառավարման ճիշտ ռազմավարություն: Երկու ընկերության միաձուլումը կլրացնի մյուսի բացը, կդառնա փոխգործակցության հիանալի օրինակ»,-ընդգծեց նա:

«Synergy» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին: Ընկերությունն օգնում է կառավարություններին, միջազգային և ոչ առևտրային կազմակերպություններին օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները հանուն բարիքի:

Մի շարք երկրներում ունեն գրասենյակներ, որտեղ աշխատում է ավելի քան 300 աշխատակից։ 25 տարում ավելի քան 80 երկրում իրականացրել են 300-ից ավելի բարդ, լայնածավալ ծրագիր։

Տրամադրում են մասնագիտացված ծրագրային ապահովում և հարմարեցված լուծումների ծառայություններ արդարադատության թվայնացման, մոնիտորինգի և գնահատման, սոցիալական պաշտպանության և պետական ֆինանսների կառավարման ոլորտների համար: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են.

Synergy eCase․ Արդարադատության ոլորտի իշխանություններին և ուժային կառույցներին հնարավորություն է տալիս թվայնացնել կառավարումը, ավտոմատացնել գործընթացները, քաղաքացիների համար դառնալ արդյունավետ, հաշվետու և թափանցիկ։

Synergy Indicata․ Աջակցում է հանրային ոլորտի և ոչ առևտրային կազմակերպություններին հզորացնել ծրագրերի և դրամաշնորհների կառավարումը, պարզեցնել դրանց կատարման ընթացքն ու գնահատել արդյունքները:

Synergy Auxilium․ Թույլ է տալիս կառավարություններին արդյունավետ գործարկել սոցիալական պաշտպանության ծրագրերի ամբողջական փաթեթը մեկ հարթակում, որը կոչվում է «շահառուների միասնական կառավարում»:

Synergy PFM․ Կառավարություններին թույլ է տալիս սահմանել իրենց առաջնահերթությունները, պլանավորել և իրականացնել պետական ներդրումային ծրագրեր՝ ապահովելով նախարարությունների փոխկապակցված, թափանցիկ և ինտեգրված գործունեությունը:

 

Կարինե Տերտերյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am