Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

ՀԱԵ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովին

ՀԱԵ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների 
միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում հունիսի 20-ից 24-ը տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովը, որին ներկա է եղել տարբեր երկրներից ժամանած շուրջ 23 հոգևորական։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից, Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կազմված է եղել չորս անդամներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցում էին Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Գերշ․ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը և Հոգշ․ Տ. Պողոս Վրդ. Թինքճյանը։

«Հանձնախումբը միաձայն հավանությամբ ընդունեց «Խորհուրդները Եկեղեցու կյանքում» վերնագրով նոր փաստաթուղթ։ Հռոմում գումարված նիստին սկսվեց նաև երկխոսության նոր փուլ՝ «Սուրբ Կույս Մարիամը եկեղեցու ուսմունքում և կյանքում» թեմայով, որի շուրջ քննարկվեցին տարբեր աշխատություններ, մասնավորապես՝ Աստվածածնի Վերափոխման վերաբերյալ։

Հանձնախմբի հաջորդ նիստը, որը կշարունակի իր աշխատանքը այս թեմայով, կայանալու է 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 4-ը, Եգիպտոսի Վադի Էլ-Նատրուն անապատում գտնվող Սուրբ Բիշոյի վանքում:

Երեկ՝ հունիսի 23-ին, նիստի մասնակիցները հանդիպում ունեցան Ֆրանցիսկոս Պապի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկաներին ուղղած իր ողջույնի խոսքում Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնել կատարված «թանկարժեք աշխատանքի» և հատկապես՝ եկեղեցական խորհուրդների վերաբերյալ փաստաթղթի ընդունման համար՝ շեշտելով, որ այն նշանավորում է «նոր քայլ դեպի լիարժեք հաղորդություն»։ Սրբազան Քահանայապետը խոսել է էկումենիզմի «մկրտական, հովվական և տեղական» նկարագրի մասին։ «Մկրտության մեջ է քրիստոնյաների միջև հաղորդակցության և ամբողջական տեսանելի միասնության տենչանքի հիմքը: Այս խորհուրդի շնորհիվ է, որ մենք կարող ենք Պողոս Առաքյալի հետ համատեղ հաստատել, որ «մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար», - ասել է Ֆրանցիսկոս Պապը:

«Հռոմի Պապը մաղթեց, որ Սուրբ Հոգին մեզ ներշնչի համատեղ առաջ ընթանալու, ուղղորդվելով  մարդկանց հոգիների բարօրության ու Աստծո ժողովրդի բարօրության ցանկությամբ և ոչ թե բարոյական, աստվածաբանական կամ գաղափարական տարբերություններով, հիշեցնելով, որ Հիսուս Քրիստոսը մարմնացավ ու դարձավ Աստվածապաշտ ժողովրդի անդամ և ո՛չ թե գաղափար։

Սրբազան Քահանայապետը ընդգծեց «եղբայրաբար հանդիպելու կարևորությունը՝ իրար լսելու, կիսվելու և միասին քայլելու համար», ողջունելով տեղական համայնքներում Եկեղեցիների մոտեցման գործում երիտասարդ սերունդի ներգրավելը, որպեսզի «ուսմունքի շուրջ երկխոսությունը ընթանա կյանքի երկխոսության հետ միասին»»,- հայտնում են տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից՝ հիշեցնելով, որ

Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության համատեղ միջազգային հանձնախումբը, որը ստեղծվել է 2003 թվականին, ներառում է Կաթոլիկ, Ղպտի Ուղղափառ, Անտիոքի Ասորի Ուղղափառ, Հայ Առաքելական, Եթովպիայի Ուղղափառ և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]