Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Թուրքիան դեմ է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիան դեմ է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները և հանդես է գալիս Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման օգտին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք դեմ ենք Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին և հավանություն չենք տալիս դրանց»,- ասել է Չավուշօղլուն։

Նա հույս է հայտնել, որ Թեհրանի հետ «միջուկային գործարքը» կվերակենդանանա, և բոլոր շահագրգիռ կողմերը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։

 Դիվանագետի խոսքով՝ իրավիճակի նման զարգացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

Անդրադառնալով թուրք-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ նա նշել է, որ Անկարան մտադիր է ավելի շատ ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու համար։

Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների համար։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։

Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարն ասել է, որ Թուրքիան վճռական է բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու հարցում։

Թուրք նախարարը նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում, տարածաշրջանային խնդիրներին զուգահեռ, քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

 «Թուրքիան և Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է»,- ասել է Չավուշօղլուն։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր հերթին ասել է, որ Թուրքիայի անվտանգության մտահոգությունները (Սիրիայում) պետք է մեկընդմիշտ վերացվեն։

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքները՝ նա ասել է, որ կողմերը քննարկել են բազմաթիվ ոլորտներում հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը։ «Մենք ծրագրում ենք ստեղծել կոմիտե՝ մեր սահմանի երկայնքով ձգվածշրջաններում կլիմայի փոփոխության հարցերը լուծելու համար»,- մասնավորապես ասել է Իրանի արտգործնախարարը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]